Մեր երկրում դրոշը գետնին գցելու համար գործից հանում են, բա երկրի դրոշը բարձրացնողին չե՞ն օգնում․ Հայտնի չեմպիոնի վիճակն օրեցօր վատանում է

 

«Կոլյայի վիճակն օրեցօր վատանում է: Ես չգիտեմ ՝ ինչ անեմ, ում դիմեմ: Մնում է Կոլյայի մեդալներն ու գովասանագրերը վերցնեմ, գնամ փողոց, ճանապարհ փակեմ: Մեր երկրում դրոշը գետնին գցելու համար գործից հանում են, բա երկրի դրոշը բարձրացնողին չե՞ն օգնում»,- հայացքը մի կետի սեւեռած՝ ասում է Հայաստանի չեմպիոնի հայրը: «Հետքը» գրում է․ Հայաստանը սամբոյի Եվրոպայի մրցանակակիր Կոլյա Կարապետյանին այդպես էլ դափնեպսակով չդիմավորեց, փոխարենը ցուցաբերեց և ցուցաբերում է անտարբերություն հիվանդանոցում գտնվող մարզիկի նկատմամբ: Հիվանդանոցում փնտրում ենք 30-ամյա Կոլյայի հիվանդասենյակը: Հարցնում եմ՝ մարզիկ Կոլյայի սենյակը կասե՞ք, օրվա հերթապահը ցույց է տալիս այն: Հիվանդասենյակի դռան մոտ միջահասարակ, սեւ շապիկով, կապույտ աչքերով տղամարդը բարեւում է մեզ: Դեմքին լարվածություն կա, կարծես հույսի վերջին «հատիկը» բռան մեջ ամուր պահած լինի: Կոլյայի հայրն է՝ Հրաչյա Կարապետյանը: Ներսում Կոլյայի կինն է, մահճակալի կողքին նստած՝ հետեւում է ամուսնուն: Ոսկրոտ դեմքով Կոլյայի հայացքը մի կետի է հառված: Մոտ 2 ամիս այս վիճակում է: Կինը խնդրում է, որ չլուսանկարենք, ասում է՝ «ախր, Կոլյային դուք չեք տեսել, իսկ ես չեմ ուզում, որ նրան որեւէ մեկն այս վիճակում տեսնի»: Հրաչյայի հետ հիվանդասենյակից դուրս ենք գալիս: Երկար միջանցքով քայլում ենք դեպի խոհանոց, որտեղ էլ սկսում ենք զրույցը: Կոլյան 6 տարեկանից սկսել է մարզվել սամբո մարզաձեւով: Այդ տարիներին ընտանիքը բնակվում էր Արտաշատի Այգեստան գյուղում, հայրը պատմում է, որ որդին ընկերոջ հետ 7 կմ քայլում էր՝ Արտաշատի մարզադպրոց հասնելու համար: Երբ արդեն 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Երեւան, որտեղ շարունակել է մարզումները: Հրաչյա Կարապետյանը երկու որդի եւ մեկ դուստր ունի, Կոլյան կրստեր որդին է: Հայրն առանձնակի հպարտությամբ է խոսում նրա մասին: Ասում է՝ պարտադիր ժամկետային զինծառայությունն անցել է «Եղնիկներում», որտեղ հետախույզ սերժանտ է եղել: Կոլյան Հայաստանի սամբոյի առաջնությունում 62 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել, սպորտի վարպետ է: Ֆիզկուլտուրայի ինստիտուտն ավարտելուց հետո ոստիկանության եռամսյա դասընթաց է անցել ու աշխատանքի տեղավորվել ոստիկանությունում որպես օպերլիազոր: 2017 թ. մայիսի 18-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո Կոլյայի ինքնագնազգացողությունը երեկոյան հյուրանոցում կտրուկ վատացել է: Հայրն ասում է, որ որդին մրցումների ժամանակ է վնասվածք ստացել, ապա նշում, թե Կոլյան իր ոտքով է գնացել հիվանդանոց: Ըստ բժշկական փաստաթղթերի՝ մարզիկի մոտ գրանցվել է տարածուն արյունազեղում, գլխուղեղի աջ կիսագնդի հեմատոմա, երկրորդային թարախային մինինգիտ, խրոնիկական միջկիսագնդային հեմատոմա, թոքաբորբ՝ ուղեկցվող բարդություններով: Բժիշկները հաստատել են, որ արյան զեղումը եղել է ստացած հարվածների հետեւանք:   «Բելառուսում մնացինք 5 ամիս (Կոլյան գտնվում էր Մինսկի շտապօգնության քաղաքային կլինիկական հիվանդանոցում, նրա առողջական վիճակի մասին լուրն իմանալուց հետո Մինսկ էր գնացել նաեւ հայրը), այդ ընթացքում գլուխը 7 անգամ վիրահատել են, արյունը չէր մակարդվում, դրա համար շունտ են տեղադրել»,- պատմում է հայրը: Հրաչյա Կարապետյանն ասում է՝ որդուն շվեյցարական արտադրության դեղեր էին անհրաժեշտ, օգնության համար զանգահարել էր Հայաստան՝ առողջապահության, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություններ, ոստիկանություն, սակայն որեւէ արձագանք չի ստացել: Հիվանդանոցի մոտակայքում գտնվող խանութ գնալու ճանապարհին պատահաբար հանդիպել է անծանոթ հայի, ով էլ օգնել է ձեռք բերել դեղերը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նյութի աղբյուրը Bavnews․am

Be the first to comment on "Մեր երկրում դրոշը գետնին գցելու համար գործից հանում են, բա երկրի դրոշը բարձրացնողին չե՞ն օգնում․ Հայտնի չեմպիոնի վիճակն օրեցօր վատանում է"

Leave a comment

Your email address will not be published.


*