10 սպանության դրվագը ներառել են՝ մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար. Ռոբերտ Քոչարյան

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով այսօրվա դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը մեջբերեց մեղադրանքից մի դրվագ.

«Իշխանությունը պահելու և ընթացող քաղաքական իրադարձությունները ճնշելու գործին ներգրավվել են Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մերձավոր որոշ անձինք»։ Ալումյանը նաև ընդգծեց, որ այդ մերձավոր շրջապատից «որոշ անձանցից» որևէ մեկի անունը չի նշվում։ Բացի այդ, չի նշվում նաև, թե որքանով է այդ անձանց գործողությունների պատասխանատվությունը կրում Քոչարյանը։ «Մեղադրանքում չի նշվում, թե արդյոք պարոն Քոչարյանը կապ է ունեցել այդ անձանց հետ, արդյոք ինքն է հրահանգել կամ արդյոք ինքն իմացել է, չի խոչընդոտել։ Ինչո՞ւ այդ գործողությունների պատասխանատվությունը պետք է կրի պարոն Քոչարյանը»,- ասաց պաշտպանը։

«Որոշ անձանց» վերաբերյալ փոքր դիտարկում արեց նաև գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նույնպես ասաց, որ որևէ նշում կամ տվյալ չկա «որոշ անձանց» մասին և ավելին, որևէ գործողություն չի կիրառվել նրանց նկատմամբ։ «Ես կարող եմ միայն ենթադրություն անել, թե ինչու է այդ մասին գրված մեղադրանքում՝ քանի որ 10 սպանության փաստը այդ քրեական գործում ընդհանրապես չկա, այս դրվագը ներառել են՝ մարդկանց ուղեղը մտցնելու, թե կարող են այդ սպանությունները կատարված լինեն «մերձավոր անձանց» և այլնի, և այլնի կողմից։ Սա մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար է։ Այլ որևէ հիմնավորում չկա այս մեղադրանքում։ Երեք անձ սպանվել է «Չերյոմուխայից», իսկ առնվազն յոթ անձ այլ հանգամանքներում և հիմա փորձում են նման հիմնավորումներ տալ» -ելույթում հայտարարեց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է դատարանը քննում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցը։ Նախքան գործը դատաքննության պատրաստելը դատավորը պետք է մեղադրյալի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ մեղադրանքն անհիմն է, եւ իրականացվում է քաղաքական հետապնդում։

https://news.am/arm/news/512841.html

Be the first to comment on "10 սպանության դրվագը ներառել են՝ մարդկանց ինքնագիտակցության մեջ թույն մտցնելու համար. Ռոբերտ Քոչարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*