Օրական 4000 քայլը կօգնի պահպանել ուղեղի առողջությունը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Օրական 4000 քայլը կօգնի բարելավել ուշադրությունը եւ մտավոր ընդունակությունները, հատկապես 60 տարեկանից մեծ մարդկանց դեպքում, պնդում են Քալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելես, ԱՄՆ) գիտնականները:
Մի փոքր ավելի վաղ կատարված հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը չափազանց կարեւոր է տարեց մարդկանց մոտ կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը եւ դեմենցիան կանխելու համար: Կոգնիտիվ ունակությունների նվազումը տեղի է ունենում, երբ մարդիկ սկսում են տեղեկությունների մշակման եւ մտապահման դժվարություններ ունենալ:
Երկու տարի տեւած հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Journal of Alzheimer’s Disease-ում, գիտնականներն ուսումնասիրել են հիշողության կորստի բողոքներ ունեցող 60 եւ ավելի մեծ տարիքի 29 մարդու տվյալները: Գիտնականները հետեւել են փորձի տարեց մասնակիցների ֆիզիկական ակտիվությանը՝ օգտագործելով աքսելերաչափ՝ սարք, որը չափում է շարժումը եւ հաշվում օրական կատարած քայլերի միջին թիվը:
Հետազոտության մասնակիցներին 2 խմբի են բաժանել՝ մի խմբում ընդգրկվել են նրանք, ովքեր օրական 4 հազար քայլից ավելի են կատարել, իսկ երկրորդ խմբում՝ մնացյալ բոլորը: Փորձարկվողներն անցել են նեյրոհոգեբանական թեստերի շարք եւ ուղեղի ՄՌՏ սքանավորում: Պարզվել է, որ ամեն օր ավելի քան 4 հազար քայլ կատարող մարդիկ ավելի խիտ հիպոկամպ են ունեցել եւ հիպոկամպի շուրջը ուղեղի հատվածների ավելի խիտ հյուսվածքներ, քան նրանք, ովքեր 4 հազար քայլից պակաս են կատարել:
Գիտնականները պարզել են, որ այս հատվածներում հյուսվածքների խտությունը համահարաբերակցվում է լավագույն կոգնիտիվ ֆունկցիայի հետ: Փորձի մասնակիցների ավելի ակտիվ խումբը նաեւ զգալի լավ արդյունքներ է ցուցադրել ուշադրության, տեղեկությունների մշակման արագության, հիշողության եւ մարդուն ծրագրեր կազմել ու նպատակներին հասնել թույլ տվող մտավոր հմտություններ ձեռք բերելու թեստեր անցնելիս: Ավելի ցածր ֆիզիկական ակտիվությունը համահարաբերակցվում է ուղեղի կառուցվածքի ավելի պակաս խտության եւ կոգնիտիվ ունակությունների ցածր մակարդակի հետ:

Be the first to comment on "Օրական 4000 քայլը կօգնի պահպանել ուղեղի առողջությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*