Չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ եւ իրենց դնել նույն հարթության վրա. Փաշինյանը կոշտ արձագանքեց Մարուքյանին

 

Գալիս ասում են՝ էս կառավարությունը ոնց որ ուզում է ամբողջ բեռը հին իշխանության վրա գցի. Ու դրանով, հնարավոր է, բացահայտում են իրենց հիմնական առաքելությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին:

«Սենց սոուսով ներկայացնում են, թե դե առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին էին մեղադրում, հետո Ռոբերտ Քոչարյանին, հետո Սերժ Սարգսյանին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին են մեղադրում: Այսինքն ոչ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, ոչ Ռոբերտ Քոչարյանը, հասկացաք չէ՞: Հիմնական նախադասությունը հնչեց: Սերժ Սարգսյանը մեղավոր չէ, ռոբերտ Քոչարյանն էլ չի մեղավոր, ոնց որ մեղավոր չի այսօրվա կառավարությունը: Բացահայտվեց հիմնական առաքելությունը: Թե էս ինչի մասին են էս մարդիկ խոսում:

Հիմա եթե ասեմ ձեզ, թե պարզ չի՞ թե Սերժ Սարգսյանը ինչով է մեղավոր: Մեղավոր է նրա համար, որ այո, ասում  էր՝ ամեն մարդ չի կարող բիզնես անել, ով կգա կկզի կմուծվի, նա էլ բիզնես կանի: Դրանում է մեղավոր: Որ ախպերը ամեն տեղ 50 տոկոս փայ էր մտնած, այ դրանում է մեղավոր: Ու չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ եւ իրենց դնել նույն հարթության վրա: Ձեզ ու իրենց դրեք նույն հարության վրա»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Մարուքյանն ու իր թիմակիցները 2018-ին էլ էին նույն բանն ասում. «Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը, մենք անձերի դեմ չենք պայքարում: Մենք ոնց կարող ենք անձերի դեմ պայքարենք, արի գնանք փոխնախարարների պաշտոններ ստանանք, ներսից կամաց կառուցենք: Հիմա եկել դարձել են հեղափոխության հիմնական արբիտրաժը՝ ով է հավատում, ով չի հավատում: Իրենք էլ հեղափոխության հավատաքննիչն են:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Մեկ էլ ասում են՝ հեղափոխություն չի եղել, բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք ստեղ նստած»,-ասաց Փաշինյանը, ինչին դահլիճում ներկա «Իմ քայլի» պատգամավորները արձագանքեցին ծափահարություններով:

«Ձեզ համար, իհարկե, հեղափոխություն չի եղել, որովհետեւ որտեղ ձեր քաղաքական բովանդակությունն առաջ էր ստեղծվում, հիմա նույն տեղում ստեղծվում է»:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ նշելով. «Խոսում եք Հայաստանի անկախ արտաքին քաղաքականության, Հայաստանի ինքնության մասին, ու ձեր հիմնարկի դիմաց տնկում եք Հայաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դրոշները: Մեզ էլ խորհուրդ եք տալիս, որ պետք է արտաքին քաղաքականությունը հավասարակշռենք: Բա Ռուսաստանի դրոշը ինչու չեք կախել, էլ չեմ ասում՝ Վատիկանի դրոշը»:

https://news.am/arm/news/496342.html

Be the first to comment on "Չփորձեք հանկարծ մյուս անգամ ինձ եւ իրենց դնել նույն հարթության վրա. Փաշինյանը կոշտ արձագանքեց Մարուքյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*