Այսօր նշվում է Տեառնընդառաջի տոնը` նորապսակների օրհնության օրը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 13-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։
Տոնի Տյառնընդառաջ անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:
Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:
Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն է, որը Սիմեոն ծերունու` Քրիստոսին տված Լույս անվանման խորհուրդն ունի:
Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց ու մեր փրկության համար աշխարհ եկավ։
Հայ Եկեղեցին այն մեծ հանդիսավորությամբ տոնել է դեռևս վաղ շրջանում: Այդ մասին են վկայում սուրբ Սահակ Պարթևի քառասուներորդ կանոնը և Մովսես Խորենացու Տյառնընդառաջ տոնին նվիրված շարականը:
Տրնդեզ, Տյառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որ հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է:
Տյառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը: Երեկոյան և առավոտյան ժամերգությունների ընթացքում Ավետարանների ընթերցումները նվիրվում են քառասնօրյա Փրկչի Տաճար գալուն:
Եկեղեցու ատյանում արտասովոր լուսավորություն է տիրում: Հավատացյալները մասնակցում են աղոթքին՝ ձեռքներին մեկական մոմ: Այդ լույսը՝ որպես Քրիստոսի փրկության լույսի խորհրդանիշ, ժամերգության ավարտին տանում են և լուսավորում իրենց օջախները: Այս ամենը կազմում է լույսի մի յուրօրինակ տոնախմբություն, որը Սիմեոնի՝ Քրիստոսին տված «Լույս» անվանման խորհուրդն ունի:
Տեառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր, այդ իսկ պատճառով փետրվարի 13-ին, բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագից հետո, կկատարվի նորապսակների օրհնության հատուկ կարգ։

https://mamul.am/am/news/143713/%D5%A1%D5%B5%D5%BD%D6%85%D6%80-%D5%B6%D5%B7%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%BF%D5%A5%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A8%D5%B6%D5%A4%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB-%D5%BF%D5%B8%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%B8%D6%80%D5%A1%D5%BA%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D6%85%D6%80%D5%B0%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%85%D6%80%D5%A8

Be the first to comment on "Այսօր նշվում է Տեառնընդառաջի տոնը` նորապսակների օրհնության օրը"

Leave a comment

Your email address will not be published.


*