Ծանր գործ է լինելու. Գևորգ Կոստանյանը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նախապատրաստվող միջպետական հայցի մասին

 

Պետությունը պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծի, որպեսզի դատավորին կարողանա պաշտպանել հասարակական ճնշումներից։ Նման տեսակետ NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Նրա հետ զրուցել ենք Կառավարության ծրագրի, դատարանների անկախության երաշխիքի, իրավապաշտպան ոլորտում առկա անելիքների, իրավապահ կառույցների նկատմամբ հանրության վստահության մակարդակի, ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ նախապատրաստվող առաջին միջպետական հայցի և այլ հարցերի շուրջ:

Կառավարությունն իր գործունեության հնգամյա ծրագրում հայտարարել է օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու քաղաքական կամքի մասին։ Ըստ կառավարության՝  Հայաստանի զարգացմանը, արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտել է արդարության բացակայությունը։ Համամի՞տ եք այս ձևակարպման հետ։

Խնդիրը արդարադատության ընկալման մեջ է։ Իրականում հնարավոր է ունենալ որակյալ արդարադատություն՝ համապատասխան Եվրոպական չափանիշներին, բայց երկրում չլինի արդարադատության արդարացիության ընկալում։ Եվրոպական դատարանն իր որոշումներում փաստել է, որ հասարակության մոտ պետք է լինի արդարադատության արդարության ընկալում, այսինքն` պետությունը պետք է այնպես անի, որ մարդն ընկալի այդ արդարադատությունը։ Բոլոր երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում մշտապես կարիք կա հանրության շրջանում արդարադատության զգացումն ավելացնելու։

Ըստ ձեզ՝  իշխանության ճյուղերի տարանջատումն ու հավասարակշռումը որքանո՞վ է այսօր իրական, կարելի՞ է փաստել, որ հայաստանյան ներկայիս  դատական համակարգն անկախ է։

Իրավական, սահմանադրական տեսակետից՝ իշխանությունների տանաջատումը միշտ էլ եղել է և կա, այլ հարց է, երբ մենք կոնկրետ դեպքերով քննարկում ենք արդարադատությանը միջամտելու դրսևորումների մասին։ Մենք խնդիր ունենք ապահովագրելու և երաշխավորելու դատարանի անկախությունը ոչ միայն ինստիտուցիոնալ տեսանկյունից, այլև փաստացի՝ դրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունն ապահովելու տեսանկյունից։ Իսկ այդ խնդիրները միշտ եղել են, կան։

Ներկայումս գործադիր իշխանության կողմից դատարանների աշխատանքին միջամտելու ռիսկեր նկատվու՞մ են:

Այդ առումով մենք մշտական խնդիր ունենք. խոսքը միջամտության ռիսկի, միջամտության փաստերի և դրա հավանականության մասին է։ Երբ բազմաթիվ գործեր քննության առարկա կդառնան ներպետական ատյաններում, կամ կուղարկվեն Եվրոպական դատարան, այդ որոշումների հիման վրա որոշակի շտկումների անհրաժեշտություն կլինի։ Բոլոր ժամանակներում արդարադատությունը իսկապես երաշխավորված պետք է լինի, և առանց միջամտության հնարավորության, հակառակ դեպքում այն հանգեցնելու է միջազգային ատյանում պետության հեղինակության, իսկ երկրում՝ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի  նվազմանը։

Տեսակետ կա, որ դատավորի պաշտոնն այսօր չունի նախկին գրավչությունը: Շատ իրավաբաններ գերադասում են, օրինակ, փաստաբանությամբ զբաղվել, քան դատավոր դառնալ և կոնկրետ գործերով արժանանալ հանրության պարսավանքին։ Ինչի՞ հետևանքն է սա։

Գրավչությունից զատ դատավորի պաշտոնն ունի նաև պաշտպանության անհրաժեշտություն։ Պետությունը պետք է կարողանա այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ դատավորին կարողանա պաշտպանել հասարակական ճնշումներից։ Մեխանիզմներից մեկն այն է, որ դատարանների մոտ չի կարելի թույլ տալ ցույց անել, դա կարգավորվում է նաև օրենքով: Դատավորը պետք է իմանա, որ երբ ինքն ինչ–որ որոշում է կայացնում, որը հասարակության ինչ–որ հատվածին օգուտ է, մեկ ուրիշին՝ վնաս, պետք է իրեն պաշտպանված զգա, որպեսզի կարողանա արդարադատություն իրականացնել։ Պետությունը նաև պետք է մարդկանց իրավագիտակցության մեջ ներդնի այն մոտեցումը, որ դատավորի նկատմամբ չի կարելի ճնշում գործադրել։ Քաղաքական կամքը հենց այստեղ պետք է դրսևորվի, քանի որ, երբ իշխանությունը երկրում սկսում է քաղաքական կամք դրևորել, հասարակությունը սկսում է ընկալել դա, առավել ևս եթե իշխանությունն ունի բարձր լեգիտիմություն։

Հեղափոխությունից հետո իրավապաշտպան կառույցներն այն ինտենսիվությամբ չեն արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրավունքի ենթադրյալ խախտումների դեպքերին, ինչպես նախկինում էր։ Կարելի՞ է արձանագրել, որ իրավապաշտպան ոլորտը  նահանջ է ապրում:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այո, ես կարծում եմ նահանջ կա։ Իշխանափոխության արդյունքում մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, ովքեր գործել են նախկին իշխանության դեմ և պաշտպանել են ընդդիմադիրների շահերը, այսօր ֆորմալ առումով չպետք է կաշկանդված լինեին նաև նոր իշխանությունից, քանի որ իրավապաշտպանի համար կարևոր չէ, թե ով է իշխանության եկել. նրա գործը մարդու իրավունքները պաշտպանելն է, խախտման դեպքերին արձագանքելը։ Հիմա, թե տվյալ իրավապաշտպանը ի՞նչ վերաբերմունք է  ունեցել նախկին իշխանությունների նկատմամբ և արդյոք նույն կե՞րպ վերաբերվում է գործող իշխանություններին՝ սուբյեկտիվ գնահատման հարց է, բայց այն, որ այսօր այդ բացը լրացնելու անհրաժեշտություն կա, միանշանակ է։

Որոշ նախկին քաղաքական գործիչներ սկսել են զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ. օրինակ՝ նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Ըստ ձեզ, նրանք  ունե՞ն բավարար պոտենցիալ գոնե մասամբ լրացնելու իրավապաշտպան ոլորտում առաջացած բացը։

Ձեր թվարկած անձինք պրոֆեսիոնալ իրավաբաններ են: Ես կարծում եմ՝ նրանց ներգրավումը իրավապաշտպան ոլորտում բարձրացնելու է իրավապաշտպանության որակը։ Նրանց կատարած քայլը ողջունելի է և անհրաժեշտ:

Կառավարությունն իր ծրագրում առաջնահերթություն է տվել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում վճիռների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով գործուն մեխանիզմների ներդրմանը: Մինչդեռ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ միջանկյալ որոշման օրինակը հակառակ տպավորությունն է թողնում։ Այս գործով Կառավարությունը հապաղում էր կատարել որոշումը՝ ամեն կերպ խուսափելով դրան կարևորություն տալուց: Այս  մասին ի՞նչ կասեք:

Փաստացի պետությունը որոշումը կատարել է, սակայն թե ինչ մեխանիզմներով, դա էական չէ , եթե միջանկյալ որոշման կատարման ժամկետների հարցում խախտում լինի, ապա Եվրոպական դատարանի նախարարների կոմիտեն հիմնական գանգատը քննելու և որոշում կայացնելու ժամանակ կանդրադառնա այդ հանգամանքին։

Վերջերս հայտարարեցիք արցախյան հակամարտության կոնտեքստում Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի  50 մլրդ դոլարի միջպետական հայցի  նախապատրաստման մասին։ Այս փուլում  ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի հայկական կողմը:

Առաջին հերթին պետք է փաստաբանական լավ խումբ ձևավորվի, որը պետք է գնահատի հնարավոր ռիսկերը և ներկայացվող հայցի հիմնական բովանդակությունը, որը, ըստ էության, շատ կանխատեսելի է: Այնուհետև պետք է նախապատրաստել հիմնական հակափաստարկները, որը պետությունը ներկայացնելու է այդ հայցի դեմ։ Այդ  հարցին պետք է պատշաճ ուշադրություն  դարձնել, որովհետև երբ հայցը դատարանի կողմից վարույթ ընդունվի, պետությունը կարող է այդ մասին անմիջապես չիմանալ։ Պետությունը հայցի մասին տեղեկանում է, երբ դատարանից հայց է ստանում, այսինքն կոմունիկացվում է, իսկ այդ ժամանակ հնարավոր է ժամանակը չբավարարի, որովհետև սա ծանր գործ է լինելու, կարևոր գործ է լինելու։ Դատարանը առարկությունները ներկայացնելու համար ժամկետներ է տրամադրելու, որին պետք է կարողանաս հասցնել։ Ճիշտը ժամանակին նախապատրաստական աշխատանքներ կատարելն է։

Հայաստանի դեմ երբևէ միջպետական հայց չի եղել: Ի՞նչ վտանգներ կարող է պարունակել արցախյան հարցի կոնտեքստում Հայաստանի դեմ միջպետական հայցի հնարավոր ներկայացումը։

Եթե պարտվեցինք, այն մեր համար քաղաքական կոնտեքստում կդառնա շատ վտանգավոր, եթե հաղթենք՝ կլինի շահեկան։ Այս հարցի քննարկման ժամանակ դատարանը մեխանիկորեն անդրադառնալու է կոնֆլիկտի բովանդակությանը, շարունակականությանը, հետևանքներին, ռիսկերին և եթե մենք պատշաճ չնախապատրաստվենք, պատշաճ ջանասիրություն չցուցաբերենք, այն կարող է մեզ համար չափազանց անցանկալի հետևանքներ առաջացնել, այդ թվում՝ քաղաքական տեսակետից, Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման ձևաչափի տեսակետից։

Տարիներ առաջ,  երբ Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի նախաձեռնությամբ հայց ներկայացվեց ՄԻԵԴ՝ հույս կար, որ այդ կերպ միջազգային դատարանում կարծարծվի Հայոց Ցեղասպանության հարցը, սակայն ՄԻԵԴ–ը մերժեց հայցն ընդունել վարույթ։ Հայոց Ցեղասպանության հարցի համատեքստում այլ դրվագներով ՄԻԵԴ նոր գանգատ ներկայացնելը հնարավոր համարու՞մ եք:

«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որոշում կայացվեց, համաձայն որի, Ցեղասպանության զոհերի իրավահաջորդները իրավունք ունեն դիմելու Եվրադատարան, այսինքն՝ ՄԻԵԴ-ը պատուհան բացեց, որպեսզի մեր քաղաքացիներն անհատական հայցեր ներկայացնեն ՄԻԵԴ։ Կոնկրետ անձինք կամ կազմակերպություններ կարող են այդ հարցով դիմել ՄԻԵԴ, իսկ պետությունը կարող է ոչ ֆորմալ առումով աջակցել և հիմքեր ստեղծել նման հայցեր ներկայացնելու համար։

Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում նվազման միտում է նկատվում Հայաստանում  անձի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու պրակտիկայում: Ինչու՞ այս պրակտիկան չէր գործում այն ժամանակ, երբ դուք զբաղեցնում էիք Գլխավոր դատախազի պաշտոնը:

Նվազման միտումը պայմանավորված է նաև Եվրոպական դատարանի նախադեպերով, որովհետև բազմաթիվ գործերով նախադեպեր եղան, որոնք վերաբերվում են կալանքի ժամկետները երկարաձգելուն։

Այսինքն, ըստ ձեզ՝ Ժիրայր Սեֆիլյանի, Անդիաս Ղուկասյանի, «Սասնա ծռերի» գործով  անցնող ամբաստանյալների մեծ մասի կալանքի փոփոխությունը հետևանքն էր ՄԻԵԴ նախադեպերի՞։

Ես ծանոթ չեմ, թե ինչ հիմքերով է կոնկրետ դեպքերով փոխվել այդ անձանց խափանման միջոցը, որպեսզի գնահատական տամ։

Դատախազությունում և մյուս իրավապահ մարմինները հեղափոխությունից հետո «ողողված» էին դիմումներով և նախկինում կատարված ենթադրյալ հանցագործությունների մասին հաղորդումներով։ Ինչի՞ մասին է սա վկայում, բացի այն, որ երկրում քաղաքական իրավիճակ էր փոխվել:

Այո, դիմումների հոսքը շատացել է, սակայն ես դա ավելի շատ կապում եմ Ազդարարի ինստիտուտի ներդրման հետ։ Իմ ունեցած տեղեկություններով, այդ դիմումների 90 տոկոսը մերժվում է,  որովհետև դրանք պարունակում են չստուգված տեղեկություններ կամ զրպարտություն են։ Այսինքն՝ քանակի աճը դեռևս չի նշանակում, որ դրանք բոլորն իրավաչափ և անհրաժեշտ էին։

Վերջերս ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ձեր հասցեին գովեստի խոսքեր էր ասել՝ ասելով, որ լավ լավ իրավաբան եք: Հետաքրքիր է, նոր  իշխանությունների կողմից համագործոկցության առաջարկ ստացե՞լ եք, թեկուզ միջազգային կառույցներում ՀՀ շահերը ներկայացնելու պայմանով:

Ես շնորհակալ եմ Ալեն Սիմոնյանին իր գնահատականի համար, ես դա շատ բարձր եմ գնահատում մարդկային և տղամարդկային, ինչպես նաև պրոֆեսիոնել տեսակետից։ Իմ խնդիրը մեր երկիրն է եղել, ինձ չի հետաքրքրել, թե ես ինչ–որ բան անում եմ իշխանության համար, թե դրա դեմ։ Ինձ համար ամենակարևոր հարցը Ղարաբաղյան կոնֆլիկտն  է, սակայն դա բացարձակ կապ չունի որևէ պաշտոնի հետ, ես նման ցանկություն չունեմ, ես համարում եմ, որ պարտադիր չի՝ դու երկրին օգնես պաշտոն ունենալով։ Ես պաշտոնի տեսակետից վաղուց իմ ամբիցիաները բավարարել եմ։

Պատրա՞ստ եք համագործակցության իշխանությունների հետ, մինչ օրս՝ նոր իշխանությունները Ձեզ որևէ պաշտոն առաջարկե՞լ են:

Իմ համագործակցությունը բացարձակ կապ չունի պաշտոնի հետ և ես ցանկություն չունեմ։ Ես որևէ պաշտոնի չեմ հավակնում: Մարդը կարող է իր  հնարավորությունների չափով, մասնագիտական կապերը գործածել հօգուտ երկրի, և դա ամենևին կապ չունի որևէ պաշտոնի հետ։

https://news.am/arm/news/496067.html

Be the first to comment on "Ծանր գործ է լինելու. Գևորգ Կոստանյանը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նախապատրաստվող միջպետական հայցի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*