«Քոչարյանը հանրության համար վտանգավոր անձ է». Փոստանջյանը հորդորում է որպես վկա կանչել Ստիվեն Նյուտոնին՝ պատմելու զուգարանում ծեծի մասին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի մոտ Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը ակցիա իրականացրեց: Նա թխվածքաբլիթներ էր բերել՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «պերեդաչի»: Սակայն, ինչպես հայտնել ենք, դատարանը որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին: Որոշումից հետո դատարանի մոտ տարբեր քաղաքացիներ, մեկը՝ պաստառներով, մյուսը՝ Եռագույն դրոշով սուլում էին ու իրենց բողոքն արտահայտում՝ որոշման դեմ: Վերաքննիչի մոտ էր նաեւ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նա վերհիշեց Քոչարյանի կառավարման տարիները. «Դա մի ժամանակաշրջան էր, երբ Քոչարյանի նման անձանց հիշեցնում էին իրենց շարքային լինելը՝ որպես մարդ, նաեւ իրենց՝ որպես ոչ կուռք ընդունելը, երբ հիշեցնում էին աստված ընդունելը, պատժվում էին ու պատիժը լինում էր ոչ թե ուղղակի առարկության տեսքով, այլ պատիժ՝ ընդհուպ մինչեւ մարդուն կյանքից զրկելը: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում այլեւս մարդիկ, ովքեր չեն ընդունի Ռոբերտ Քոչարյանի միանձնյա իշխանությունը, ապա կարող են պատժվել նաեւ այս կերպ՝ զրկվելով կյանքից: Նրա պաշտոնավարման ժամանակ ոտնահարվել է նաեւ խոսքի ազատությունը, մենք տեսանք, որ «Ա1 պլյուսը» ընտրությունների նախաշեմին՝ 2003-ին ուղղակի դուրս մղվեց եթերից, եւ նրա տեղն եկավ «Շարմը»: Սա նույնպես հանցագործություն է, պաշտոնական դիրքի չարաշահում»: Փոստանջյանն ասաց, որ 2003-ին տեսանք կեղծված ընտրություններ, ՍԴ որոշում, որն ասում էր, որ պետք է տեղի ունենա վստահության հանրաքվե, բայց դա էլ տեղի չունեցավ, բողոքի ձայն ենթարկվողները ենթարկվեցին բռնությունների: Քոչարյանը «գույք պարտքի դիմաց»-ով հանձնեց մեր կարեւոր օբյեկտները, 2005-ին սահմանադրական հանրաքվե կեղծեց՝ իրեն փորձելով ապահովագրել նաեւ այս օրվանից: Ըստ Փոստանջյանի, այն, որ նա անձեռնմխելի է, ամրագրվել է մի սահմանադրությամբ, որը կեղծիքով է ընդունվել, հետեւաբար դա կարելի է վիճարկել. «Այդ դրույթը, որը ներմուծվել է այդ ժամանակ, նույնպես ապօրինի է… ՀՔԾ-ն դրան պետք է ուշադրություն դարձնի եւ Քոչարյանին այս հիմքով եւս որպես մեղադրյալ ներգրավի», – ասաց Փոստանջյանը: Նա նշեց. «Այն տասը տարիները, որ Քոչարյանը պաշտոնավարել է, եղել են կործանարար: Միգուցե համեմատության մեջ ինչ-որ դրական կա եւ բացասականը կա, բայց, ընդհանուր առմամբ դրանք մեր ազգի համար կորցրած տարիներ են: Ներկայիս ՀՀ ձախողման պատճառների 10 տարվա մեղքի բաժինը պատկանում է Ռոբերտ Քոչարյանին»: Կար մտավախություն, որ ազատության մեջ Քոչարյանը կարող էր ազդել գործի ընթացքի վրա, Փոստանջյանը համամիտ է, ըստ նրա, եթե կալանավայրից կարող էր ազդել 45 պատգամավորների վրա, որոնք ստորագրեցին նրան կալանքից ազատ արձակելու միջնորդության տակ, ուրեմն կազդի նաեւ ազատության մեջ գործ ընթացքի վրա. «Մենք թույլ չենք տալու, որ նա մնա անպատիժ: Թույլ չենք տալու ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ նաեւ Սերժ Սարգսյանին»: Մեր հարցին՝ դատարանն, այնուամենայնիվ, որոշեց, որ նա անձեռնմխելի է, օգտվում է իր այդ իրավունքից, դուք համաձա՞յն եք՝ նա պատասխանեց. «Ոչ, նա հանրության համար վտանգավոր անձ է: Մենք հենց այնպես չհիշեցրինք «պրիվետ, Ռոբի» մասին: Եթե մարդը նախագահ է ու իր ծանոթներից մեկը դիմում է նրան այդպես՝ պրիվետ, Ռոբ ու իրեն դրա համար տանում են ու զուգարանում ծեծելով սպանում են, ու դրա վերաբերյալ կան ապացույցներ, կա վկայություն, թող կանչեն պարոն Սթիվեն Նյուտոնին, ով կարող է այդ վկայությունը նորից կրկնել: Ես կարծում եմ, որ այս մարդը, ում հրամանով մարդ են սպանել, շատ վտանգավոր է հանրության համար: Բացի այս, կա նաեւ Մարտի 1-ը: Մարտի 1-ն էլ ենք շատ լավ հիշում… Եվ այստեղ խոսել կեղծված, ապօրինի ներմուծված սահմանադրությամբ անձեռնմխելիության մասին, հիմքեր չկան»: Հիշեցնենք, որ դատարանը ժամանակին որպես ապացույց չճանաչեց դեպքի ականատես վկա, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ստիվեն Նյուտոնի Ռումինիայում բրիտանական հյուպատոսության կողմից վավերացված ցուցմունքը, ուր վերջինս պնդում էր, որ Պողոսյանին ծեծողները մի քանի հոգի էին եղել:

https://www.aravot.am/2018/08/13/975164/

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Be the first to comment on "«Քոչարյանը հանրության համար վտանգավոր անձ է». Փոստանջյանը հորդորում է որպես վկա կանչել Ստիվեն Նյուտոնին՝ պատմելու զուգարանում ծեծի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*