Բակո Սահակյանը մի ձեռքով աջակցում է, իսկ ինչ է անում մյուսով

Մի քանի ամիս առաջ կայացվեց որոշում, որ արցախ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը կլինի ոչ թե ամենօրյա, այլ շաբաթական: Մինչ այդ, ապրիլի քառօրյա պատերազմից հետո պահպանվեց ամենօրյա ռեժիմով օպերատիվ ամփոփագրի տարածումը, թե հրադադարի ինչ խախտում է թույլ տվել հակառակորդը, ինչ զինատեսակներից եւ այլն:

Մի քանի ամիս առաջ կայացրած որոշումը՝ դադարեցնել ամենօրյա ամփոփագրումն ու տալ շաբաթական տեղեկություն, հաջորդել էր Ժնեում Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպմանը: Կապ ունե՞ր դա հանդիպմանը ձեռք բերած որեւէ պայմանավորվածության հետ, դժվար է ասել, սակայն ամենօրյա ամփոփագրերից հրաժարվելու որոշումը ճիշտ որոշում էր, մի քանի պատճառով եւ առումով:

Նախ, այդ ամփոփագրերի ամենօրյա ռեժիմը որեւէ կերպ չէր նպաստում Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդմանը, քանի որ այդ անվտանգության համար պատասխանատու կառույցները եւ դրանց կատարելիք աշխատանքը չի կարող եւ չպետք է հիմնված լինի հրապարակային այդ ամփոփագրերի վրա: Նրանք պետք է ունենան ոչ հրապարակային անընդհատ տեղեկատվություն, դիտարկում, ըստ այդմ էլ կառուցեն մարտավարությունն ու ռազմավարությունը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

«Շարքային» սպառողի ամենօրյա տեղեկացվածությունը ոչ միայն որեւէ կերպ չի նպաստում անվտանգության ընթացիկ մարտավարական եւ ռազմավարական խնդիրների լուծմանը եւ աշխատանքին, այլ հակառակը՝ խանգարում է, ստեղծելով ավելորդ խուճապ, առաջացնելով լարված սպասումներ, ըստ այդմ բացասական տրամադրվածություն եւ հոգեվիճակ, ինչը ազդում է ոչ միայն մարդկանց վրա, այլ առաջացնում է Հայաստանից հեռանալու, նաեւ Հայաստան չգալու ցանկություն՝ այդ թվում նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկների մոտ, երբ Հայաստանի կարեւոր տնտեսական ճյուղերից մեկը, այդ թվում Արցախի համար՝ զբոսաշրջությունն է: Դա նաեւ քաղաքական գործոն է:

Սահմանային ամենօրյա ափոփագրերով հանրությանը լարվածության մեջ պահելը կարող է ունենալ մեկ նպատակ՝ արտաքին վտանգի, սպառնալիքի գեներացիայով մարդկանց պահել վախի մեջ, եթե հանկարծ որեւէ մեկը փորձի ներսում բարձրացնել հարցեր, որոնք խնդիրներ կարող են ստեղծել իշխող համակարգի համար:

Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին Ալիեւի հետ վերջին հանդիպումից հետո որոշեց, որ այլեւս լուծված են բոլոր հարցերը, այդ թվում իր հետնախագահական պլանների հետ կապված, եւ ըստ այդմ անհրաժեշտ է հանրությանը հանել լարված զսպման ռեժիմից եւ դնել ավելի կառուցողականի մեջ, քանի որ դա արդեն ծառայելու է Սարգսյանի վարչապետությանը: Ի դեպ, Սարգսյան-Ալիեւ այդ հանդիպումից հետո հոդվածներից մեկում տեսակետ արտահայտեցի, որ հանդիպմանը քննարկվող հիմնական թեմաներից գուցե եղել են նաեւ ներքին քաղաքական խնդիրներն ու իրավիճակները:

Բոլոր դեպքերում, կայացվեց սահմանից ամենօրյա ամփոփագրերի միջոցով հանրությանը մշտական տագնապի մեջ չպահելու ճիշտ որոշում, որովհետեւ, կրկնեմ՝ տագնապը չի օգնում լուծել ոչ մի հարց, իսկ պատերազմի իհարկե ոչ մտացածին ռիսկը պահանջում է քայլեր եւ աշխատանք, որի համար բացարձակապես պարտադիր չեն այդ ամփոփագրերը:

Այդ իմաստով, իրավիճակը հետաքրքիր է այժմ, երբ նկատելի է, որ տարբեր շրջանակներ՝ այդ թվում Արցախի նախագահի, գեներացնում են սահմանի իրավիճակի լարվածության, Ադրբեջանի աննախադեպ ակտիվության եւ շարժերի մասին տեղեկատվություն: Դրանք տարածվում են կանոնավոր պարբերականությամբ: Ի՞նչ հարց են լուծում, անհարկի տագնապի, խուճապի, բացասական սպասումների ռիսկ առաջացնելուց բացի: Թե՞ հենց այդ է նպատակը, որն ուղղված է Հայաստանում նոր իշխանության, նոր իրողությունների, այդ իրողությունները հաստատելու գործում մեծ դեր ունեցած ժողովրդի, նրա ոգեւորության եւ դրական սպասումների դեմ:

Այդ դեպքում ստացվում է տարակուսելի իրավիճակ՝ Արցախի նախագահը հրապարակավ ստանում է Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը, հետո նամակով իր շնորհակալությունն ու անվերապահ պատասխան աջակցությունն է հայտնում Փաշինյանին՝ «Մայր Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործում», իսկ դրան զուգահեռ նրա անմիջական շրջանակ ներկայացնող պաշտոնյաները պարբերաբար տարածում են սահմանային իրավիճակի աննախադեպ սրման մասին տեղեկատվություն, ադրբեջանական աննախադեպ շարժերի մասին տեղեկատվություն, ինչը ուղղակի հարված է Մայր Հայաստանի փոփոխությունների գլխավոր ռեսուրսի՝ հանրային ոգեւորության եւ դրական սպասումների դեմ:

Այն, որ Հայաստանն ու Արցախը անվտանգության թե մարտավարական, թե ռազմավարական խնդիրներին պետք է լինեն անընդհատ զգոն ու աչալուրջ, անքննարկելի է: Անքննարկելի է, որ Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը պետք է լինեն անընդհատ եւ համակարգված շփումների դաշտում: Միեւնույն ժամանակ, սահմանին լարվածության մասին տեղեկատվության գեներացումը, բացի ապակառուցողական ազդեցությունից, չունի անվտանգության որեւէ էֆեկտ: Առավել եւս, որ եթե ասելիք կար Հայաստանի իշխանությանը, ապա Արցախն ուներ դրա հնարավորությունը հունիսի 16-17-ին, երբ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, անվտանգության ամբողջ բլոկը այցելել էր Արցախ:

Հետեւաբար առաջանում է հարց՝ ով եւ ինչի համար է անում դա ներկայում, եւ արդյոք Բակո Սահակյանը չի տիրապետում իրավիճակին:

Be the first to comment on "Բակո Սահակյանը մի ձեռքով աջակցում է, իսկ ինչ է անում մյուսով"

Leave a comment

Your email address will not be published.


*