Ինչքան կշարունակվի բարեգործությունը. Նիկոլ Փաշինյանի պայմանը

Հայաստանի էներգետիկ ոլորտի երկու խոշոր խաղացողները՝ Բաշխիչ ցանցերն ու Գազպրոմ Արմենիան հայտարարել են սոցիալապես անապահով շերտի համար գազի եւ էլեկտրաէներգիայի գինը նվազեցնելու մասին, որը փաստորեն անելու են իրենց շահույթի հաշվին: Այլ կերպ ասած, Գազպրոմ Արմենիան եւ Հայաստանի էլցանցերը, որը պատկանում է ռուսաստանահայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, փաստացի հայտարարել են բարեգործության մասին:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Արդյոք դա գինն է, որ այդ խոշոր ընկերությունները առաջարկում են Հայաստանի կառավարությանը գազի եւ էլեկտրաէներգիայի գնագոյացման մեխանիզմից հեռու մնալու դիմաց, որպեսզի նոր իշխանությունը ձեռնամուխ չլինի այդ մեխանիզմի մանրամասն զննությանը:

Բանն այն է, որ այդ հարցը տարիներ շարունակ եղել է հանրային ամենահուզող խնդիրներից մեկը, եւ քաղաքացիները համոզված եւ եղել, որ Հայաստանում կարող էր լինել ավելի էժան գազ, ավելի էժան լույս, բայց չկա, որովհետեւ գործում են կոռուպցիոն սխեմաներ, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում գնագոյացման վրա:

Օրինակ, Հայաստանը սահմանին ստանում է բավական էժան գազ, սակայն քաղաքացիների տուն այդ գազը հասնում է գրեթե կրկնակի թանկ: Այդ հարցը տրվել է մշտապես, ինչին թե Գազպրոմ Արմենիան, թե Հանրային ծառայությունները կարգավորող՝ գին որոշող հանձնաժողովը, թե կառավարությունը պատասխանել են, թե ամեն ինչ տրամաբանության ու բնականոնության շրջանակում է, չկա ոչ մի ուռճացում:

Նույն պատասխաններն են տրվել էլեկտրաէներգիայի մասով, որտեղ ցանցերի սեփականատիրոջ փոփոխությունն իհարկե բերեց կառավարման էֆեկտիվության աճի եւ էլեկտրաէներգիայի գնի վրա ճնշման թուլացման, թեեւ դա չի բերել գնի զգալի նվազման:

Հավաստիացումները, որ գնագոյացումը ուռճացված չէ, կոռուպցիոն սխեմաներին ենթակա չէ, չեն արժանացել հանրային վստահության: Բերվել են ընդդիմախոսների հակափաստարկներ, իր դերն է ունեցել նաեւ իշխանության հանդեպ անվստահությունն ընդհանրապես:

Այժմ նոր կառավարություն է, եւ այն պետք է հանրության համար պարզաբանի առանցքային այդ հարցերում առկա վիճակը. կամ հավաստիացնի, որ մինչ այդ կասկածները անտեղի էին եւ բխում էին ուղղակի իշխանության հանդեպ լայն վստահության պակասից, կամ բացահայտի գնագոյացման խնդիրներն ու հասնի գների նվազման: Սակայն, նվազումը պետք է լինի տնտեսագիտորեն հիմնավորված, ոչ թե «բարեգործաբար»:

Որովհետեւ ադ իմաստով առաջանում են հարցեր. որքա՞ն են Գազպրոմ Արմենիան ու էլցանցերը սեփական շահույթի հաշվին բարեգործություն անելու սոցիալապես անապահով խավի համար: Դա կառավարության հետ պայմանավորվա՞ծ է, թե ոչ: Ո՞րն է պայմանավորվածության ամբողջական փաթեթը: Գազի եւ լույսի պարագայում մե՞կ փաթեթ է, սեփականատերերի հետ պայմանավորվածության մասով, թե՞ ոչ: Ի վերջո մեկի սեփականատերը ռուսաստանցի հայ օլիգարխ է՝ ցանցերինը, իսկ մյուսինը՝ ռուսական պետական հսկան՝ Գազպրոմը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո հայտարարեց, որ Հայաստանն ակնկալում է գազի ավելի բացառիկ ցածր գին սահմանին: Միեւնույն ժամանակ նա հայտարարեց, որ Պուտինի հետ հանդիպմանը քննարկել են նաեւ գազի գնի հարց ու եկել եզրահանգման, որ գինը Հայաստանի ներքին խնդիր է:

Արդյո՞ք Պուտինը այդպիսով տվել է իր համաձայնությունը Գազպրոմի մասով, որ չեն լինի Հայաստանի կառավարությանը ներկայացվող իռացիոնալ պահանջներ, եթե կառավարությունը գտնի կամ մատնացույց անի ներքին գնի ուռճացվածությունը եւ ցույց տա նվազեցման ուղիները, որոնք որեւէ կերպ վտանգի տակ չեն դնում Գազպրոմ Արմենիայի տնտեսական ռացիոնալ կենսունակությունը:

Թե՞ Հայաստանի կառավարությունն է Մոսկվայում հարցը քննարկելուց եւ այդ մակարդակում համաձայնության, պայմանավորվածության գալուց հետո պայման դնում ներքին ցանցի երկու խոշոր խաղացողների առաջ՝ կամ իրենք կգտնեն ինքնարժեքի նվազեցման մեխանիզմները, կամ դրանով էլ կզբաղվեն իրավապահները՝ իհարկե հատուկ գործողություն սկսելով ոչ թե մասնավոր օբյեկտներում, այլ դրանց գործունեության կարգավորման համար պատասխանատու պետական կառույցում՝ ՀԾԿ հանձնաժողովում: Առայժմ իրավապահները զբաղված են հայաստանյան ներքին քաղաքական կյանքը ռազմական եւ քրեական բաղադրիչներից մաքրելու գործով:

Այդ իմաստով, սոցիալապես անապահով խավի համար գների նվազեցումը ողջունելի, բայց ժամանակավոր լուծում է: Աներկբա է, որ այսպես կոչված «բնական մենաշնորհների» գնագոյացման, գնային քաղաքականության հանրային վստահության հարցը Հայաստանում պահանջում է հիմնարար, ինստիտուցիոնալ լուծում, որպեսզի հասարակության համար պարզ լինի, թե ինչքան եւ ինչի համար է վճարում: Այստեղ շատ կարեւոր է թե տնտեսական էֆեկտը, թե հոգեբանական, որպեսզի մարդիկ չապրեն խաբվածության զգացումով:

Be the first to comment on "Ինչքան կշարունակվի բարեգործությունը. Նիկոլ Փաշինյանի պայմանը"

Leave a comment

Your email address will not be published.


*