Թուրքիան ցանկանում է աչքերը փակել իր պատմության մութ էջերի վրա՝ սահմանափակելով մեր արտահայտվելու ազատությունը․ Կարո Փայլան

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է աչքերը փակել իր պատմության մութ էջերի վրա՝ սահմանափակելով խորհրդարանականների արտահայտվելու ազատությունը:
Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակեց․ «Անցած տարի, երբ ես խորհրդարանում խոսեցի Հայոց ցեղասպանության մասին, նրանք խոչընդոտեցին իմ խոսքի ազատությունը: Հիմա նրանք փորձում են դա անել օրինական ճանապարհով, ցանկանում են ընդունել մի օրենք, ըստ որի, չես կարող խոսել Թուրքիայի պատմության մութ էջերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին»:
Նշենք, որ Կարո Փայլանը խոսում է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցությունների կողմից պատրաստված օրենսդրական փաթեթի մասին: Պատգամավորների վարքի, նիստերի կանոնակարգի ու արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների այդ 18 կետանոց փաթեթում տեղ է գտնել նաև «Թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու» պարագայում պատգամավորների՝ նիստերից ժամանակավոր հեռացման ու աշխատավարձից 12 հազ. թուրքական լիրայի չափով պահման մասին առաջարկը։
Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի նակատմամբ վերոնշյալ կետը թիրախավորում է հենց «1915թ.-ի դեպքերի մասին խոսելիս Ցեղասպանություն եզրույթի կիրառումը խորհրդարանում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին առավել շատ խոսելու համար հենց Կարո Փայլանն է բազմիցս ենթարկվել հետապնդումների: Նա անգամ երեք օրով զրկվել էր խորհրդարանի նիստերին մասնակցելու իրավունքից՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելու պատճառով:
Կարո Փայլանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը մշտապես է բոլորին մատնանշում, որ եթե անգամ իրենց Մեջլիսում Թուրքիայի պատմության «մութ» էջերի մասին չի խոսվում, ապա դա արվում է այլ երկրների խորհրդարաններում:  «Այլ խորհրդարաններ որոշումներ կայացնում են Թուրքիայի պատմության վերաբերյալ, քննարկում և դատապարտում են Թուրքիայի պատմության մութ էջերը: Ես միշտ առաջարկում եմ իմ գործընկերներին, որ մենք էլ խոսենք Թուրքիայի պատմության մութ էջերի մասին, սակայն նրանք դա չեն ընդունում»,- ասաց նա:
Ստամբուլահայ պատգամավորի խոսքով՝ հավանականությունը մեծ է, որ օրենսդրական փաթեթն ընդունվի, որովհետև առաջարկվել է իշխող կուսակցության կողմից․ իսկ դրան միացել է ազգայնական «Ազգային շարժում» կուսակցությունը, իսկ դրանք արդեն խորհրդարանում մեծամասնություն են:
Կարո Փայլանի խոսքով՝ Թուրքիայի ազգայնական կուսակցությունների կողմից խորհրդարանին առաջարկած օրենսդրական փաթեթը միայն Հայոց ցեղասպանության մասին քննարկումները դադարեցնելու միտում չունի, այլ հարցերի՝ Քուրդիստանի, քրդական հիմնախնդիրները քննարկելու դեպքում ևս, ըստ օրինագծի, վարչական պատիժ է սահմանված:
«Մարդիկ են մեզ ընտրել, իրենց ձայնը տվել են, և մենք՝ խորհրդարանականներս, պետք է ազատ լինենք իրենց ձայնը խորհրդարանում բարձրացնելու: Իսկ խորհրդարանը հնարավորություն չի տալիս, որ մենք բարձրացնենք հայերի, քրդերի, ալևիների ձայները, որ խոսենք Հայոց ցեղասպանությունից, քրդական հիմնախնդիրների մասին,- ասաց նա՝ հավելելով, որ, իհարկե, օրենքն ընդունվելու դեպքում էլ, չի կարող իրեն ստիպել, որ նա չխոսի Հայոց ցեղասպանությունից,- Ես կխոսեմ դրա մասին: Հայոց ցեղասպանության մասին խոսել թույլ չտալով՝ նրանք կարծում են, թե խոսացողներ չեն լինի: Բոլորն են խոսում Հայոց ցեղասպանության մասին: Եթե դու պարզապես փակում ես աչքերդ, չի նշանակում, դա Հայոց ցեղասպանությունը չի եղել, այդ մասին քննարկումներ չեն լինի»:
Թուրքիայի ավտորիտար կառավարման վրա ազդելու համար, ըստ Կարո Փայլանի, Արևմուտքը մեծ ջանքեր չգործադրեց և չի գործադրում, քանի որ կա Սիրիական ճգնաժամի արդյունքում ստեղծված ներգաղթյալների հիմնախնդիրը:
Կարո Փայլանի խոսքով՝ չնայած վերոնշյալ օրինագծի ընդունման հավանականության մեծ լինելուն՝ իրենց կուսակցության բոլոր անդամները պայքարելու են դրա ընդունման դեմ: Նրա կարծիքով՝ պայքարին կմիանա նաև Ժողովրդահանրապետական կուսակցությունը, քանի որ օրենքը սահմանափակում է խոսքի ազատությունը:

 

Be the first to comment on "Թուրքիան ցանկանում է աչքերը փակել իր պատմության մութ էջերի վրա՝ սահմանափակելով մեր արտահայտվելու ազատությունը․ Կարո Փայլան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ