Մանվել Գրիգորյանը Էջմիածին քաղաքում չի եղել ազատման պահից սկսած. քաղաքապետ

Դեկտեմբերի 21-ից 23-ը Էջմիածինում բողոքի ակցիաներ են իրականացվել՝ ընդդեմ գեներալ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Այսօր արդեն բողոքի ակցիաները Էջմիածինից տեղափոխվել են Երեւան` ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ գլխավոր դատախազության շենքերի դիմաց:

«Նրանք հասկացան, որ այն մարմինը, որն այս հարցով զբաղվում է, Էջմիածինում չի գտնվում»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Էջմիածինի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

— Տիկին Գասպարյան, Էջմիածինում արդեն երկու օր է՝ բողոքի ակցիաներ են ընթանում՝ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ: Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում է, որ բողոքն իրականացնողներն ուղղորդված են: Կա՞ նման բան:

— Ես չեմ  կարող նման մեղադրանք հնչեցնել այն մարդկանց հասցեին, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Չեմ բացառում, որ ինչպես եւ ցանկացած զանգվածային ակցիայի ժամանակ` կարող են լինել տարբեր շերտերի մարդիկ: Բայց քանի հակառակի վերաբերյալ հստակ փաստեր չկան, իմ տպավորությունն այն է, որ սրանք պարզապես իրենց իրավունքը իրացնող խաղաղ բնակիչներ են, որոնք ինքնաբուխ դուրս են եկել բողոքելու Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ: Քանի չկան հստակ ապացույցներ, ես չեմ կարող պնդել այդ վարկածը, որ նրանք ուղղորդվում են:

— Ո՞րն է նպատակը այս ցույցերի, քաղաքացիները կարծում են, որ այսպես հնարավո՞ր է խնդիրը լուծել:

— Իրականում հասկանալի է, որ գործ ունենք տարբեր կրթական մակարդակ ունեցող մարդկանց հետ եւ շատերին թվում է, թե գրավով ազատ արձակվելը նշանակում է, որ Մանվել Գրիգորյանն այլեւս չի դատապարտվելու: Այն օրը, երբ դուրս էի եկել ցուցարարների հետ հանդիպելու, ես փորձել եմ մարդկանց բացատրել, որ ըստ էության, այն, ինչի համար պայքարում էիք, տեղ է հասել այդ ձայնը եւ արդեն դատախազությունը հայտնել է, որ վերաքննիչ բողոք է ներկայացնելու եւ այդ բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանը կվերանայի Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը: Այսինքն, ըստ էության, օրենքով այլ մեխանիզմ, քան սա՝ չկա: Քաղաքային իշխանությունները որեւէ կերպ չեն խոչընդոտել նրանց ակցիային: Այսօրվանից նրանք արդեն Երեւանում են ակցիաներ իրականացվում: Նրանք հասկացան, որ այն մարմինը, որն այս հարցով զբաղվում է, Էջմիածինում չի գտնվում:

— Այսինքն, ձեզ հետ քննարկման արդյունքո՞ւմ են նրանք Էջմիածնից տեղափոխվել Երեւան:

— Ես իմ պարտքը համարեցի լինել նրանց հետ եւ հասկանալ, թե ինչ են անում, ինչ պլաններ ունեն: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ճանապարհները կբացվեն` այսինքն, շուրջօրյա չեն լինի բողոքի ակցիաները: Շաբաթ օրը, մեր հանդիպումից 2 ժամ անց, փողոցները բացվեցին: Ըստ էության՝ մենք արձանագրեցինք, որ ցուցարարները հասկացան՝ դատարանը Էջմիածինի տարածքում չի գտնվում:

— Մանվել Գրիգորյանը եւ նրա աջակիցները ինչ-որ կերպ արձագանքե՞լ են այս ամենին կամ ձեզ, որպես քաղաքապետ, դիմե՞լ են:

— Ոչ, նման բան չի եղել: Առհասարակ Մանվել Գրիգորյանը Էջմիածին քաղաքում չի եղել ազատման պահից սկսած:

— Նա Ակնալճի իր ամառանոցո՞ւմ է գտնվում:

— Այո:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին բավարարել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը եւ նրա նկատմամբ կիրառվող կալանքը փոխարինել էր գրավով։

Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

https://bit.ly/2EHlT3a

Be the first to comment on "Մանվել Գրիգորյանը Էջմիածին քաղաքում չի եղել ազատման պահից սկսած. քաղաքապետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ