Նարեկ Բավեյանն ու որոշ հայտնիներ երգել են ՀՀԿ-ի հավաքի ժամանակ

Նախորդ ընտրությունների համեմատ՝ ԱԺ 2018 թ. արտահերթ ընտրությունների քարոզարշավների ընթացքում հայկական շոու բիզնեսի հայտնիների ներգրավվածություն քիչ է նկատվում: Նախկինում ՀՀԿ-ն համերգներ էր կազմակերպում, որոնց ընթացքում ելույթ էին ունենում ճանաչված երգիչներ, վարում էին հայտնի հաղորդավարներ: Այս անգամ նրանց մասնակցությամբ հրապարակային հավաքներ չի կազմակերպում, սակայն փակ հանդիպումների ընթացքում, այդուհանդերձ, հրավիրում է: Մի քանի օր առաջ նման փակ միջոցառումներից մեկի ժամանակ հանդես է եկել երգիչ Նարեկ Բավեյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ ներկայացել են նաեւ այլ երգիչներ, սակայն նրանց անուններն ասել ու նրանց անդրադառնալ չցանկացավ: Նա խոսեց միայն իր մոտեցման մասին:

— Քաղաքական ուժերի կողմից իրենց կազմակերպած համերգների ընթացքում երգելու հրավերներ ստացե՞լ եք:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

— Երգել եմ 1 անգամ «Հանրապետական» կուսակցության առաջին հավաքին «Դվին» հյուրանոցում: Մի քանի՝ մոտ 4-5 օր առաջ էր: Բայց քարոզարշավների չեմ մասնակցելու: Դա ընդամենն իմ անձնական, ընկերական հարաբերությունների շնորհիվ է եղել, որ չեմ մերժել մարդկանց, որոնց հետ վաղուց մտերմիկ հարաբերություններ ունեմ: Այսինքն՝ այդտեղ նույնիսկ ո՛չ գործնական, ո՛չ գումարային խնդիր է, ո՛չ քարոզարշավի մասնակցություն, զուտ ընկերական աջակցություն էր: Կուսակցական հավաք էր: Ես ինքս ոչ մի կուսակցության մեջ չկամ: Անգամ եթե համերգների մասնակցելու շահավետ գումարային առաջարկ էլ լինի ցանկացած կուսակցության կողմից, որոշել եմ այլեւս չմասնակցել քաղաքական քարոզարշավներին:

— Այս քարոզարշավի ընթացքում հայտնիների մասնակցությունը համեմատաբար քիչ է, համերգները՝ նույնպես: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:

— Չգիտեմ: Գուցե չեն անում ուղղակի, չեն ուզում անել: Ուրիշների հետ կապված չգիտեմ՝ ով ինչ է անելու: Ես ասացի իմ անձնական որոշումը:

— Մյուս քաղաքական ուժերից հրավերներ չե՞ք ստացել:

— Ո՛չ:

— Եթե ստանաք, կընդունե՞ք:

-Ո՛չ, արդեն, ո՛չ, որովհետեւ որքան էլ միշտ դրան վերաբերվել եմ որպես համերգի ու երբեւիցե որեւիցե կուսակցության համար երգելիս, կապ չունի եղել է «Հանրապետական» կամ ԲՀԿ եւ այլն, երբեւիցե իմ կողմից որեւիցե մեկը քաղաքական կոչեր չի լսել: Երգել եմ, ու վերջ: Չեմ գոռգոռացել ինչ-որ գաղափարախոսություններ: Ինչ ուզում ես արա, ինչքան էլ դու դա ընկալում ես որպես համերգ, մարդիկ ընկալում են որպես կոնկրետ քաղաքական ուժին աջակցություն, բայց այդպես չէ: Մարդուն հրավիրել են՝ նրա մասնագիտական ծառայությունները մատուցելու, եթե այդպես է, ուրեմն համերգի ժամանակ մեկը բանվոր է, եկել բեմն է հավաքել, մյուսը լույս է դրել, վարձու ծառայությունների մատուցում է, չէ՞, եթե աշխատում են այդտեղ, ուրեմն բոլորն աջակցո՞ւմ են այդ քաղաքական ուժին: Ո՛չ: Բայց որքան էլ բացատրում ես, որ ես ընդամենը մասնագիտական ծառայություններ եմ մատուցում, միեւնույն է կողքից ընկալվում է, որ դու ինչ-որ քաղաքական ուժի մեջ ես: Դրա համար, քանի որ ես համարում եմ, որ երգը, արվեստագետը միշտ պետք է լինի ժողովրդի կողքին (ինչպես ես եղա ժողովրդի կողքին հեղափոխության օրերին, չնայած այդ մասին չգոռգոռացի ու բեմ էլ չբարձրացա, որովհետեւ դա ավելորդ էի համարում),  պետք է լինի ժողովրդի կողքին, բայց ոչ քաղաքականացված: Դրա համար ինձ հեռու եմ պահելու քաղաքականացված ցանկացած բանից:

— Իսկ, եթե էլի ընկերները հրավիրե՞ն…

— Ամեն ինչ չափ ու սահման ունի: Հրավիրեցին, այն մարդիկ, որոնց հետ ձեւավորված էր երկար տարիների մտերմիկ, ընկերական փոխհարաբերություններ, ինչո՞ւ չէ, ունեին ինձ արած լավություն: Մերժել այդ մարդկանց զուտ նրա համար, որ ժողովրդի հետ հեղափոխության օրերին քայլել եմ, ճիշտ չհամարեցի, որովհետեւ զուտ անձնական հարաբերությունների հարթակում, եթե քեզ արվել է լավություն, պետք է լավությամբ պատասխանես: Եթե կան ընկերական հարաբերություններ, չպետք է ուրանալ, կապ չունի ՀՀԿ-ից է, ԲՀԿ-ից է, «Իմ քայլից» է, թե այլ տեղից: Անձնական հարաբերությունների մեջ մարդը մարդ պետք է մնա միշտ: Վերջիվերջո բոլորն էլ հայ են, մեր ընկերներն են, որոնց հետ տարիներ շարունակ քաղաքում ապրել ու մեծացել ենք: Ինձ համար անձնական թշնամանք չկա: Իհարկե, չափ ու սահման ունի: Չի նշանակում, որ հիմա ինձ պետք է բոլորը կանչեն ու շահագործեն, ասեն՝ դե մեր համերգին արի: 1 անգամ առիթը եղավ, ես իմ լավությունն արեցի: Թե չէ, որ այդպես լինի Վահեն էլ Էնֆիաջյան իմ վաղեմի ընկերն է ԲՀԿ-ից, պետք է զանգի՞ ասի՝ արի, երգիր: Ալենին Սիմոնյան հազար տարի է՝ ճանաչում եմ, միասին կինոյում ենք նկարահանվել, նա՞ էլ կզանգի, կասի՝ արի, երգիր: Ամեն ինչ, իհարկե, չափի ու սահմանի մեջ պետք է լինի:

— Ձեր հիմնական գործունեությունից ի՞նչ նորություններ են սպասվում՝ տեսահոլովակ, հեռուստանախագծեր:

— Անկեղծ ասած, սպասում եմ՝ հասկանամ՝ այս երկրում ինչ է լինելու, որովհետեւ ցանկացած գործ խամրում է քրեական գործերի ֆոնի վրա, ողջ հետաքրքրությունը գնում է դեպի դրան: Գիրք գրվի, երգ գրվի, ամեն ինչ խամրում է այս ֆոնի վրա: Մարդկանց ուշադրությունն ավելի շատ սեւեռված է իշխանությունների վրա, ինչ է կատարվում երկրում, սպասումներ եւ այլն: Գործեր կան, որ արվում են, բայց դրվում են մի կողմ, որպեսզի սպասենք, հասկանանք՝ ինչ է կատարվում, կրքերը հանգստանան, մարեն, ընկնենք սովորական կյանքի ռիթմի մեջ, ու նոր աշխատանքներ արվեն, թե չէ հիմա մի քիչ ավելորդ է:

https://bit.ly/2zJifCL

Be the first to comment on "Նարեկ Բավեյանն ու որոշ հայտնիներ երգել են ՀՀԿ-ի հավաքի ժամանակ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ