Լիլիթ Մակունցը պարզաբանել է, թե ինչու փող չի տվել Թովմաս Պողոսյանին

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը պարզաբանում է տարածել Թովմաս Պողոսյանի բարեգործական համերգի համար ֆինանսական աջակցություն չտրամադրելու լուրերի վերաբերյալ: ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարը պարզաբանել է, որ Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 10:03-ին: Նույն օրը՝ 10:23-ին, դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն և գործին տրվել է ընթացք: «Նշեմ, որ սեպտեմբերի13-ը հինգշաբթի էր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ»,- մանրամասնել է Լիլիթ Մակունցը: Նա հավելել է, որ, միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: «Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր: Առիթն օգտագործելով խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները նախարարություն ներկայացվեն նախատեսվող միջոցառումից առնվազն 2 շաբաթ շուտ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: Լիլիթ Մակունցը հերքել է նաև պնդումը, թե արգելված է նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նա վստահեցրել է, որ նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ»:

https://yelaket.am/?p=44943&l=am

Be the first to comment on "Լիլիթ Մակունցը պարզաբանել է, թե ինչու փող չի տվել Թովմաս Պողոսյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ