Ռիտա Սարգսյանի ընկերուհի՞ն է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարը. ինչու են ՔՊ-ականները դժգոհ ԿԳ նախարարի նշանակումից

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար: Factor.am-ին հայտնի դարձավ, որ այս նշանակումը ՔՊ-ականների սրտով չէ եւ նեղ շրջանակններում դարձել է բուռն քննարկման թեմա: Մեր աղբյուրի փոխանցմամաբ՝ դժգոհության պատճառն այն է, ոչ Հովհաննիսյանը հեղափոխության օրերին իր երգչախմբի անդամներին թույլ չի տվել դուրս գալ փողոց եւ արտահայտել իրենց քաղաքական դիրքորոշումը: Անգամ սպառնացել է աշխատանքից ազատելով: Այս տղեկությունների վերաբերյալ Factor.am-ը մեկնաբանություն խնդրեց Սոնա Հովհաննիսյանից: «Տեղեկությունները ճիշտ չեն, որովհետեւ իմ ամբողջ երգչախումբն այդ օրերին եղել է դրսում, եղել է ցույցերի մեջ: Ես որեւէ իրավունք չունեմ բռնանալու, այդպիսի բան տեղի չի ունեցել: ՔՊ-ի անդամ է իմ երգիչներից Արթուր Մանուկյանը, ես ինչպես կարող էի բռնանալ: Դժգոհություններ կան, տարբեր կարծիքներ կարող են լինել յուրաքանչյուր գործչի մասին, ով հանրային գործունեություն է ծավալում: Ես չեմ պատրաստվում հակառակն ապացուցել»,- ասաց նա: ՔՊ-ական մեր աղբյուրը փոխանցել էր, որ Հովհաննիսյանն աշխատակիցներին թույլ չի տվել դուրս գալ փողոց, քանի որ Ռիտա Սարգսյանի մտերիմն է: Մեզ հետ զրույցում Սոնա Հովհաննիսյանը չհերքեց, որ Սերժ Սարգսյանի տիկնոջ հետ համագործակցել է: «Նախկին կառավարության ժամանակ ես շատ գնահատված եմ եղել եւ դա փաստացի է եղել: Մեր երգչախումբն ունեցել է շատ բարձր կարգ: Շատ բան կարող է փոխվել, բայց արվեստի բնագավառում նույնն է մնում: Ինչ վերաբերվում է իմ մտերմությանն, ապա ես ունեցել եմ զուտ գործնական առաջարկներ նրա կողմից, որոնք վերաբերվել են Շուշիի բացօթյա օպերաներին։ Այդ առաջարկները ես իրականացրել եմ ու վճարվել է երգչախումբը»,- նշեց նա: Մամուլի արխիվներից տեղեկանում ենք, որ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած երգչախումբը միշտ մասնակցություն է ունեցել Ռիտա Սարգսյանի հետ փոխկապակցված միջոցառումներին: Անգամ նշված է, որ համերգները կազմակերպվել են Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

https://factor.am/97576.html

Be the first to comment on "Ռիտա Սարգսյանի ընկերուհի՞ն է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարը. ինչու են ՔՊ-ականները դժգոհ ԿԳ նախարարի նշանակումից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ