Ճանապարհ չեմ փակել, չեմ քայլել, բայց իմ վերաբերմունքը արտահայտել եմ. Ցոլակյանը՝ ՔՊ–ին աջակցելու մասին

Որ լուրերը տարածում են, ուրեմն մի բան կա։ Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝  առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակով իր մասնակցության մասին լուրերին։

Նա նշեց՝ ռեյթինգայինով առաջադրվելու է Շիրակում։

Ցոլակյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել, թե որ կուսակցության ցուցակում է ավելի հեշտ ձայներ ստանալ՝ ՀՀԿ–ի՞, թե՞ ՔՊ–ի։ «Ենթադրություններ անելու ժամանակը չէ, կգա ժամանակը, կերեւա»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք դժվարությամբ է կայացրել ՔՊ ցուցակով մասնակցելու որոշումը, նա պատասխանեց. «Առաջարկություն է եղել, համաձայնել եմ»։

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց՝ ինքը ճանապարհ չի փակել, չի քայլել հեղափոխությանը, բայց իր վերաբերմունքը արտահայտել է վարչապետի ընտրությանը. «Ես որեւէ մեկին աջակցելու խնդիր չեմ ունեցել, իմ աջակցությունը եղել է վարչապետի ընտրությանը ։ Ես ճանապարհ չեմ փակել, չեմ քայլել, բայց ես իմ վերաբերմունքը արտահայտել եմ վարչապետի ընտրությանը եւ դրանից հետո հայտարարել եմ, որ ամեն ձեւով պատրաստ եմ աջակցել եւ հիմա եկել է աջակցության պահը ու ես աջակցում եմ այս ձեւով»,–նշեց նա՝ նկատի ունենալով ՔՊ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքը։

Այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը բացառեց, որ կանդամագրվի ՔՊ–ին. «Ես կուսակցական չեմ եղել, չեմ լինելու, միանշանակ»։

Դիտարկմանը, որ ինքը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմն է եղել, նա արձագանքեց. «Ես երբեւիցե որեւէ մեկի հետ մտերմություն չեմ ունեցել, ես պետական ծառայող եմ եղել եւ իմ աշխատանքը կատարել եմ որպես պետական ծառայող, որեւէ անձնական հարաբերություններ որեւէ մեկի հետ չեմ ունեցել, աշխատանքի մեջ իմ վերաբերմունքը ունեցել եմ աշխատանքի մեջ, ոչ թե անձանց»։

Հաշվի առնելով հանգամանքը, որ Ֆելիքս Ցոլակյանը գրեթե միշտ իշխանական է եղել, լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ–ի օրո՞ք էր ավելի ազատ, թե՞ հիմա, որին վերջինս պատասխանեց. «Աշխատողի համար տարբերությունը մեջ չէ, բայց հիմա ավելի հեշտ է, քանի որ իշխանության մեջ աշխատողները ավելի ազատ են իրենց կարծիքը հայտնելու առումով, իրենց գործողություններում եւ այլն»։

Հարցին՝  երբեւէ հնարավոր համարում է ընդդիմության դիրքերից հանդես գալը, Ցոլակյանը նշեց. «Ես մայիս ամսին հայտարարեցի, թե ինչին եմ դեմ եղել, հիմա եթե զգամ ինչ–որ սխալ բան, նորից իմ խոսքը ասելու եմ»։

https://news.am/arm/news/479626.html

Be the first to comment on "Ճանապարհ չեմ փակել, չեմ քայլել, բայց իմ վերաբերմունքը արտահայտել եմ. Ցոլակյանը՝ ՔՊ–ին աջակցելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ