Բաց նամակ Շարմազանովին և Աշոտյանին

Բաց նամակ պրն. Շարմազանովին և պրն. Աշոտյանին Հարգելի պրն. Շարմազանով, Հարգելի պրն. Աշոտյան, Ձեր 18.08.2018 թվակիր արձագանքը, ուղղված՝ Նիկոլ Փաշինյանին, ինձ մոտ, որպես սփյուռքահայ, որպես Հայաստանի և հայ ժողովրդի, անցյալով, ներկայով և ապագայով հետաքրքրվող, մի քանի հարցեր է առաջացնում: Իհարկե դա ձեր իրավունքն է, թե ինչպես եք ցանկանում մեկնաբանել նրա կառավարության 100 օրերը, ձեր ասելով բացթողումները, ոչ պրոֆեսիոնալ աշխատաձևը, կապված Արցախի հիմնահարցի, երկրի կառավարման այլ դրվագներին: Այստեղ իմ նպատակը չէ պաշտպանել Փաշինյանին և նրա կառավարությանը: Երևի դա կարող են իրենք և այլոք ավելի հաջողված անել: Որպես հայ ցանկանում եմ այստեղ փորձել հասկանալ այն տրամաբանությունը, մղումը, որով առաջնորդված, դուք ցանկանում եք Փաշինյանին իր տեղը ցույց տալ, իսկ դա պարզորեն զգացվում է, ձեր կոշտ, արհամարհական գրելաձաևից և նրանից, որ դուք ձեր ամբողջ գրելական արվեստը և կարողությունը գործի դնելով, ցանկանում եք հանրությանը տեղեկացնել, որ իշխանությունը սխալ մարդու ձեռքերում է, ուրեմն իզուր են նրա ասելիքները, բացատրությունները: Որ երկրում կա վերնախավ, որին է ի վերուստ վերապահված իշխանություն բանեցնելը, և Փաշինյանը այդտեղ անելիք չունի, ով շահարկելով «ամբոխի» թելադրանքը, զավթել է վարչապետի աթոռը, որը վաղ թե ուշ, նա պետք է լքի: Դուք ուշացումով զարմացած եք, փորձում եք մշուշապատ, բայց չթաքնված արհամարհանքով ձեր համար բացահայտել, թե որտեղի՞ց հայտնվեց այդ «ամբոխավար գավառացին», ով կարողացավ միայն իր «ամբոխավար հռետորական» ձիրքով, զավթել իշխանական աթոռը: Այդ 100 օրերի ընթացքում նա բավականին հաշիվներ է տակնուվրա արել, բավականին փոթորիկ բարձրացրել և շարունակելը խիստ վտանգավոր է երկրի ապագայի, իմա վերնախավի համար: Ո՞ւմ է ուղղված նման չթաքնված, բայց ժամանակավրեպ կոչը: Ինչպիսի՞ ժամանակներ եք աներկբա տենչում: Դուք ցանկանում եք անտեսել այն իրողությունը, որ մարտահրավեր նետելով Փաշինյանին, մարտահրավեր եք նետում համայն աշխարհի հայությանը, ժողովրդավար երկրներին: Պրն Շարմազանով, դուք գրում եք. «100 օր առաջ պրն Փաշինյան, դուք շահարկեցիք արյունահեղությունից, եղբայրասպանությունից ամեն գնով խուսափելու մեր դիրքորոշումը եւ շանտաժով հասաք ձեր ուզածին»: Այսինքն ի՞նչ: Այսինքն հայ ժողովուրդը, նաև ձեր երեխաները և ձեր մերձավորները պետք է հավիտյանս շնորհակալ լինե՞ն ձեզանից, որ խուսափել եք արյունահեղությունից, այսինքն դուք դրա միջոցն ունեիք, կարող էիք դա անել, բայց չարիք, կեցցե՛ք, որպես հայ, ես իմ խորին հարգանքն եմ մատուցում ձեզ: Չնայած գիտեմ, որ մարդկային պատմության մեջ և ոչ մի բռնակալ ինքնակամ չի հեռացել իշխանությունից, և գիտեմ նաև, որ դուք ձեռնպահ մնացիք, արյունահեղության չգնացիք, լավ գիտենալով, որ դուք, հանձինս Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-յան, հայ ժողովրդի մոտ ոչ մի հենարան չունեիք և չունեք, դա էր գլխավոր պատճառը, որ դուք ստիպված էիք, հրաժարվել իշխանությունից և ոչ թե ձեր բարի կամքն էր թելադրում այդ: Դուք գրում եք նաև. «Ձեր իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ վտանգավոր միտումներ են որդեգրվել. խոսքի, այլակարծության իրավունքի ոտնահարում, անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգության սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասում սեփական շահերին, ազգային և քրիստոնեական արժեհամակարգի փլուզման փորձեր, բացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ,…»: Իսկ պրն. Աշոտյանը գրում է. «…Հետևողական կերպով էրոզիայի ենթարկելով պետական ինստիտուտները, կառույցներն ու մեխանիզմները, պետությունը փոխարինելով “ԵՍ ու Ժողովուրդը” առաջին հայացքից ականջահաճո, իսկ իրականության մեջ հակապետական բանաձևով… վարչապետը փորձում է իրենով փոխարինել օրենքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչությունները և այլն»: Իրականում այս խոսքերը շատ ավելի լավ բնութագրում են վերջին 20 տարվա, հայ ժողովրդի կողմից ամբողջովին մերժված իշխանությունների գործելակերպը: Իրոք որ հանրության համար մնում է հանելուկ, թե՞ դուք անցյալում ինչու էիք լռում, երբ այդքան տագնապած եք Հայաստանի պետականության ապագայով: Մոռացե՞լ եք, թե որտեղ էիք կանգնած դուք, վերջին տարիններին, ում թիկունքում: Դուք մոռանում եք, բայց բոլորից ավելի լավ գիտեք՝ թե, ո՞ր իշխանությունների օրոք են, պետական բոլոր կառույցները միայն ու միայն հայ վերնախավին ծառայել, թե՝ «օրենքները, դատարանները, ներդրումային միջավայրը, գերատեսչությունները» ինչպես են աշխատել, որոնց դերը եղել է միմիայն պաշտպանել «հայ ավանդական ընտանիքների» այսինքն՝ Մանվելյանների, Սարգսյանների, հանցագործ գործունեությունը… Հաստատ, որ միայն այդ ընտանիքները չեն, որ հանցագործ են դարձել և մենք, վերջնականապես հիասթափված, ու նաև վրդովմունքով, սպասում ենք հաջորդ ընտանիքների հանցագործության բացահայտմանը: Այո, դուք մոռանում եք նաև՝ թե, ո՞ր իշխանություններեն են «հայ առաքելական եկեղեցուն», հանձինս կաթողիկոսի, իրենց համախոհը և սեղանակիցը դարձրել և նրան էլ ներքաշելով իրենց մեքենայությունների ոլորտը, այդպիսով նրան էլ են մերժելի դարձրել, հայ ժողովրդի լայն զանգվածների կողմից:

Սամվել Հովասափյան

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Բեռլին, Օգոստոս 2018

https://yelaket.am/?p=42232&l=am

Be the first to comment on "Բաց նամակ Շարմազանովին և Աշոտյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ