Երեւա՞նն է դժգոհ, թե՞ Եվրոպան. ուշագրավ հանդիպում կառավարությունում

Հունիսի 15-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ Հայաստանում Գերմանիաի դեսպան Մաթիաս Քիսլերի հանդիպումը: Արարատ Միրզոյանն այդ կապակցությամբ տեղեկատվություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում, ասելով, որ քննարկել են եկկողմ կապերի խորացման, վիզաների ազատականացման եւ այլ հարցեր:

Առաջին հայացքից սովորական թվացող հանդիպումը արտերկրյա դեսպաններից որեւէ մեկի հետ, որ պարբերաբար տեղի է ունենում, իրականում ունի ուշագրավ համատեքստ, կապված դրա նախօրեին Հայաստանում Արեւելյան գործընկերության թեմայով միջազգային գիտաժողովում հնչած մտքերի հետ: Մասնավորապես, Գերմանիայի դեսպանն իր խոսքում նշել էր, որ Հայաստանի նախորդ կառավարության համեմատ, ներկայիս կառավարության ծրագրում Եվրամիությանը հատկացվող ուշադրությունը մեծ չէ: Հետո Գերմանիայի դեսպանատունը տարածեց տեղեկություն, որ այդ մասին տեղեկատվությունը, որ հրապարակվել էր այդ թվում Lragir.am-ում, սխալ է եւ Գերմանիայի դեսպանը չի ասել, թե նախորդ կառավարության համեմատ նվազել է ուշադրությունը նոր կառավարության ծրագրում, այլ հակառակը՝ ԵՄ-ն եկել է երրորդ տեղ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Արդյոք տեղի է ունեցել թարգմանական սխալ, կամ թյուրըմբռնում: Այսպես, թե այնպես, այդ ֆոնին Հայաստանի կառավարությունում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպումը բավականին ուշագրավ է դառնում: Նախ, սովորաբար դեսպանները հանդիպում են վարչապետի հետ: Ինչու՞ է եղել հանդիպում առաջին փոխվարչապետի մակարդակով, այսինքն որոշակի ավելի ցածր մակարդակով: Նիկոլ Փաշինյանը զբաղվա՞ծ էր, թե՞ դա եղել է որոշակի վերաբերմունք՝ ի պատասխան Գերմանիայի դեսպանի վերաբերմունքի: Այսինքն, արդյոք այդուհանդերձ կա որոշակի չհասկացվածություն այս հարցում, եւ պաշտոնական Երեւանն էլ դժգոհ է Գերմանիայի դեսպանի հայտարարություններից: Ի դեպ, հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել էր Ֆրանսիայի դեսպանին, որն ասել էր, որ Ֆրանսիան ինչպես երբեք Հայաստանի կողքին է:

Թե՞ խոսքը ոչ թե Գերմանիայի դեսպանի դիրքորոշման հետ կապված որեւէ դժգոհության մասին է, այլ թյուրըմբռնումը հաղթահարելու, եւ այդ իմաստով թե պաշտոնական Երեւանը, թե Գերմանիայի դեսպանը նախընտրել են հանդիպել եւ անմիջականորեն պարզել իրավիճակը եւ փոխադարձաբար հասկանալ միմյանց, ավելորդ տարընթերցումներից խուսափելու համար:

Դա կարեւոր է, ու եթե միջադեպը համարվի հարթված, ապա ողջունելի է, որովհետեւ Հայաստան-Գերմանիա հարաբերությունը հույժ կարեւոր է թե երկկողմ, թե նաեւ Հայաստան-ԵՄ ձեւաչափի տեսանկյունից, այդ թվում հաշվի առնելով նաեւ Գերմանիայի առաջատար դերը ԵՄ-ում:

Մյուս կողմից, խնդիր կարծես թե իսկապես կա, ինչի վկայությունը եղել է այն, որ նույն գիտաժողովում նոր կառավարության եվրոպական քաղաքականության վերաբերյալ անուղղակի, սակայն թափանցիկ ակնարկի մակարդակում դժգոհություն արտահայտել է նաեւ ԵՄ դեսպան Սվիտալսկին, ասելով, որ կառավարությունը պետք է չուշացնի եւ արագ ներկայացնի Հայաստան-ԵՄ համաձայնագրի առնչությամբ ոլորտային, ճյուղային գերատեսչությունների ֆինանսական տնօրինումների եւ ծրագրերի վերաբերյալ պատկերացումները:

Այդուհանդերձ, Եվրամիությունն ըստ երեւույթին սրտնեղած է նոր կառավարության ուշադրությունից, այն համարում է ոչ բավարար:

Ի դեպ հետաքրքիր է, որ խնդիրը դեռեւս մի քանի շաբաթ առաջ կառավարության առաջ բարձրացրել էր նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելով հենց ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ճյուղային ֆինանսավորման նախապատրաստման մասով:

Նոր կառավարությունն առայժմ բավական աշխույժ է ռուսական ուղղությամբ: Դա ռացիոնալ է, այդ ուղղությամբ մեծ են ռիսկերը, քանի որ այստեղ նոր կառավարության հանդեպ անվստահություն սերմանելու բավական մեծ ջանք է գործադրվում թե Հայաստանում, թե ռուսական շրջանակներում, եւ ավելորդ է խոսել թերեւս Ադրբեջանի ջանքի մասին: Ըստ այդմ, այստեղ բարձր՝ Փաշինյան-Պուտին մակարդակի վստահության միջավայրի ձեւավորումը կարեւոր է մի շարք առումներով:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը Մոսկվա այցի ընթացքում հարցազրույց տալով Ռաշա Թեդեյ հեռուստաընկերությանը ասել էր, որ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունը խորացնելու է, բայց ոչ Ռուսաստանի հետ հարաբերության հաշվին: Դա կարեւոր արձանագրում է, բայց նույնքան կարեւոր է արձանագրել նաեւ, որ Ռուսաստանի հետ էլ բարձր մակարդակի փոխվստահության հաստատման գործը պետք է չարվի Եվրամիության հետ հարաբերության հաշվին, Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի իրականացման ժամանակացույցի հաշվին:

Ըստ այդմ, կառավարությանն անհրաժեշտ է գտնել թե ժամանակ, թե մասնագիտական կարողություն եւ կոմպետենտություն, Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի իրականացման ժամանակացույցը պահելու եւ հարկ եղած դեպքում դրանից նույնիսկ առաջ անցնելու համար:

Միեւնույն ժամանակ, այստեղ հարկավոր է արձանագրել նաեւ Եվրամիության պատասխանատվությունը: Նախ, Եվրամիության դիվանագետները պետք է հոգ տանեն նաեւ ԵՄ անդամ երկրներում Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման գործընթացը դինամիկ դարձնելու համար, կամ պահելու: Առայժմ 28 երկրից համաձայնագիրը վավերացրել է միայն չորսը՝ Մերձբալթյան երկրներն ու Լեհաստանը: Շատ է դա, թե քիչ, դժվար է ասել, սակայն Եվրամիությունն այդ մասով պետք է պահանջկոտ լինի նաեւ ինքն իր հանդեպ: Թեեւ, իհարկե, այս տեսանկյունից Հայաստանի պատասխանատվությունն ու սեփական քայլերի ժամանակին եւ նույնիսկ արագ իրականացումը միայն ու միայն կավելացնեն փաստարկները ԵՄ շրջանակում վավերացման գործընթացում:

Սակայն խորքային առումով էլ կա թերեւս մի արձանագրման անհրաժեշտություն. Հայաստանի եվրոպական քաղաքականությունը խոշոր հաշվով ավելի շատ ծավալվելու տեղ եւ անհրաժեշտություն ունի ոչ այնքան Եվրոպայի ուղղությամբ՝ այստեղ համաձայնագիրը եւ ճանապարհային քարտեզը կա եւ այն պետք է ուղղակի որպես հայ-եվրոպական Սահմանադրություն պահել եւ առաջնորդվել դրանով, այլ Հայաստանի հենց ներսում՝ օրինականության, իրավականության հաստատման, էֆեկտիվ եւ թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ընտրական համակարգի ներդրման տեսքով:

Այստեղ է Հայաստանի «դեպի Եվրոպա» անելիքը: Եվ այստեղ է թերեւս նաեւ արտաքին քաղաքական վեկտոր չփոխելու թավշյա հեղափոխության հռչակագրի տողատակը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել միայն ներսում՝ պետական կառավարման որակների համակարգային փոփոխությամբ: Այդ դեպքում արդյունավետ կդառնա հարաբերությունը արտաքին քաղաքական որեւէ կենտրոնի հետ, եւ խոշոր հաշվով այդ դեպքում Հայաստանը կկարողանա իրականում կատարել այն բացառիկ դերը, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ֆորմալ առումով ստանձնել է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրով:

Be the first to comment on "Երեւա՞նն է դժգոհ, թե՞ Եվրոպան. ուշագրավ հանդիպում կառավարությունում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ