Թուրքերն այսօր անում են այն, ինչ արել են 103 տարի առաջ». Ղամիշլիում ապրող հայուհու ահազանգը

«Ես միշտ էլ ինձ հայ եմ զգացել և երբեք չեմ մոռացել հորս՝ մեզ ուղղված խոսքերը. նա ասում էր՝ մի մոռացեք ձեր անցյալը, պահեք ձեր արմատները»,- shantnews.am-ի հաղորդմամբ՝ քրդական ANF կայքին ասել է 64-ամյա Սադիե Աբրահամը, որը ծնվել է Սիրիայի Ամուդա քաղաքում ու վերջին տարիներին ապրում է Ղամիշլիում։

Սիրիայի այդ հատվածում ընթացող զարգացումների մասին նա մասնավորապես ասել է. «Այսօր նույն իրավիճակն է Աֆրինում, ինչին հայերն ականատես են եղել դեռ 103 տարի առաջ»,- նշելով, որ թուրք զինվորները փորձում են ամեն կերպ ճնշել տեղի բնակիչներին՝ ստիպելով նրանց լքել իրենց բնօրրանն ու հեռանալ իրենց ծննդավայրից։

«Նրանք այսօր փորձում են թրքացնել ամբողջ շրջանը, և ոչ ոք նրանց չի ասում, որ ձեր արածը սխալ է կամ իրավունք չունեք նման մոտեցում ունենալու»,- կայքին ասել է Սադիե Աբրահամը, հիշեցնելով, որ Աֆրինը սիրիական հող է, բայց այսօր այն գտնվում է թուրքական զորքերի տիրապետության տակ:

«Իմ հայրը Ուրֆայից էր: Նա հազիվ է փրկվել թուրքի յաթաղանից ու եկել այստեղ։ Մայրս քրդուհի է, և ես մինչև հիմա չեմ մոռանում հորս հորդորները: Նա ասում էր՝ ճիշտ է, ստիպված ենք եղել իսլամանալ, բայց մի մոռացեք, որ հայ եք»։

Սադիեն կայքին նաև հայտնել է, որ իր հայրն ամբողջ կյանքում փորձել է գտնել իր հարազատներին, բայց չի կարողացել: «Իմ խեղճ հայրն ուրախ օր չունեցավ իր կյանքում: Նա ուներ երազանքներ, նա միշտ հիշում էր իր հայ հարազատներին և նրանց տեսնելու երազանքով էլ փակեց իր աչքերը»: Կինը նաև պատմել է, թե ինչպես են իսլամացել թուրքի սրից փրկվելու համար, սակայն այսօր բարձրաձայն հայտարարում է իր հայ ինքնության մասին:

«Այսօր այլևս վախ չունենք, մենք հպարտությամբ ենք հայտարարում, որ մեր նախնիները հայեր են եղել։ Այստեղ (Ղամիշլիում) ոչ մի խնդիր չունենք: Մեր զավակներն ու թոռները պիտի շարունակեն վառ պահել հորս հիշատակը և պայքարեն հանուն իրենց ինքնության։ Հայրս միշտ մեզ հետ է, նա երբեք չի լքել մեզ…»,- ասել է հայ արմատներով քրդուհին։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Թուրքիան «Ձիթենու ճյուղ» անունով ռազմական գործողությամբբ գրավել էր Սիրիայի Աֆրին հնագույն քաղաքը՝ պատճառ դառնալով հարյուրավոր զոհերի և հազարավոր քրդերի տեղահանման։

Be the first to comment on "Թուրքերն այսօր անում են այն, ինչ արել են 103 տարի առաջ». Ղամիշլիում ապրող հայուհու ահազանգը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ