«Այլեւս չի լինելու Հայաստանում, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի`այնքան խփի». Սուրեն Պապիկյան

«Ցուցանիշը այլեւս որոշում է ժողովուրդը: Այլեւս չի լինելու Հայաստանում, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի`այնքան խփի: Նման բան այլեւս Հայաստանում բացառվում է: Եվ մենք, մեր հնարավոր բոլոր միջոցներով, պիտի ամեն ինչ անենք, որ ապագա խորհրդարանական ընտրությունները հասցնենք այն փուլին, որ առաջին անգամ Հայաստանում`1996 թվականից հետո, լինեն ազատ-արդար ընտրություններ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Լրագրողները նորանշանակ նախարարից հետաքրքրվում էին մարզպետների նշանակումներով, հարցեր էին ուղղում մարզպետների`առաջիկա արտահերթ ընտրություններում մարզպետների ազդեցությունների մասին: Նախարարն ասաց`Նոր Հայաստանում այդպիսի բաներ չեն լինելու. «Մարզպետներն այլեւս որեւէ կուսակցության շտաբի չգրանցված պետ չեն լինելու»: Նա ասաց, որ մարզպետների կուսակցական պատկանելիությունը դեր չի ունենալու ընտրություններում: Ասում է`մարզպետի դերակատարումը պետք է օրենքի պահպանումը լինի: Նախարարն ասաց նաեւ, որ առաջիկա օրերին հայտնի կդառնան մյուս չորս մարզպետների թեկնածունների անունները. «Սպասեք թող անակնկալ լինի»։ Նախարարի հավաստմամբ, «Ծառուկյան» դաշինքից եւս մարզպետներ կնշանակվեն: Չի բացառվում, որ 4-ն էլ այդ դաշինքից կլինեն։ Հիշեցնենք, վեց մարզպետների թեկնածուների անունները արդեն հայտնի են՝Աշոտ Սիմոնյանը՝ ՀՅԴ, կնշանակվի Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը՝ ՔՊ՝ Արարատի մարզպետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ ՔՊ՝ Կոտայքի մարզպետ,Վահե Ղալումյանը՝ ՔՊ՝ Տավուշի մարզպետ,Կարեն Սարուխանյանը՝ ՔՊ՝ Շիրակի մարզպետ, Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ՝ Գեղարքունիքի մարզպետ։ «Առաջնորդվել ենք ըստ արժանիքների, հիմքում դրել ենք այդ մարդկանց այսօրվա Հայաստանի տեսլականին համապատասխանությունը»: Հարցին`արժանիքների շարքում թավշյա հեղափոխությանը ներդրած ավա՞նդն է`ինչքա՞ն են մասնակցել, քանի՞ մարդ են բերել`նախարարը հակադարձեց. «Իրենց անցած քաղաքական ճանապարհը, կրթական ցենզը: Մարզպետները չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն կարող զբաղվել բիզնեսով, օրենքով սահմանված կարգով պետք է իրենց պարտավորությունները կատարեն»,-պատասխանեց Սուրեն Պապիկյանը։

Be the first to comment on "«Այլեւս չի լինելու Հայաստանում, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի`այնքան խփի». Սուրեն Պապիկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ