Հայերու հետ ընկերակից ենք եւ ձեռք ձեռքի տված ենք. Ջհանգիր աղայի պատասխանը Սիպկան ցեղապետին

Ջհանգիր աղայի պատասխանը Սիպկան ցեղապետին
Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Մայիսյան հերոսամարտերի ժամանակ հայերի հետ կողք կողքի կռվել են նաեւ տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Նրանց մեջ իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել եզդիները։ 

Ուսուբ Բեկի եւ Ջհանգիր աղայի (1874—1943 թթ.) գլխավորությամբ եզդիների հեծյալ ջոկատները մասնակցել են Սարդարապատի, Բաշ—Ապարանի ճակատամարտերին։ Ջհանգիր աղա Խատիֆովը մասնակցել է նաեւ Կարսի եւ Սարիղամիշի մարտերին։
ՀՅԴ «Աշխատանք» թերթի 1919 թ ապրիլի 10—ի համարում պահպանվել է քրդական Սիպկան աշիրաթապետ (ցեղապետ, առաջնորդ) Հասան բեկ զադե Աբդուլ Մեջիդի եւ եզդի աշիրաթապետ Ջհանգիր աղայի ուշագրավ նամակագրությունը։ Առաջին նամակում քուրդ ցեղապետը փորձում է թուրքական իշխանությունների անունից խոստումներ տալով իրենց կողմը գրավել Ջհանգիր աղային, սակայն վերջինս արժանապատիվ պատասխան է տալիս նրան։ Ներկայացնում ենք երկու նամակներն ամբողջությամբ;
«Եզդի աշիրաթապետ մեծարգո Ջհանգիր աղային
Հատուկ բարեւներս ղրկելէ ետք՝ ձեր առողջությունը կհարցնեմ։ Ներկա պատերազմի դեպքերէն ոչ ոք կրցավ խույս տալ, այս բանի համար ոչ ոք մեղավոր է։ Մեր աշիրէթէն ըլլալնուդ համար կմեղքենամ ձեզ։ Հայ ժողովուրդը դավաճան ժողովուրդ է։ Հայերուն ընկերություն ընելէ ոչ ոք բարիք չի տեսներ։ Հայերուն ընկերություն ընելէ հեռու կեցիր։ Հայության մի վստահիր, այս բան կխնդրեմ ձեզմէ։ Ձեզի կհանձնեմ ձեր առաջվան տեղերը եւ մեր թագավորէն ձեզ ներում կբերեմ։
Թե ձեզ եւ թե ձեր ամբողջ աշիրաթին համար կառավարութենէն նպաստ եւ ապրուստ կհայթայթեմ։ Զինվորության կողմէ ալ թե դուք, թե ձեր աշիրաթը մեզի հավասար պիտի ըլլաք։ Հայերու տեղեկությանց մի վստահեք, ամբողջապես սուտ են։
Վերջապես եթե իմ խոսքին չէք հավատար, յուրաքանչյուր իր գրածեն բարիք թող տեսնէ։ Նամակս ստանալուց հետո մինչեւ 12 օր պատասխան կսպասեմ։ Կցանկանամ ձեզ առողջություն։
Սիպկան աշիրաթի 11—րդ գնդի հրամանատար հազարապետ Հասան բեկ զադե Աբդուլ Մեջիդ
Մարտի 2»։***
«Սիպկան աշիրաթապետ հրամանատար Ապտուլ Մեճիդ պէյին
Հայտուկ բարեւներս հաղորդելէ ետք՝ ձեր առողջությունը կհարցնեմ։
Ինծի գրած եք, որ հայերու հետ ընկերություն անելուց ոչ ոք բարիք չի տեսեր։ Հայերու հետ ընկերակից ենք եւ ձեռք ձեռքի տված ենք։ Ես ալ կխորհեմ, որ օսմանցիութենէն բարիք չի գար, այդ պատճառով է, որ տարիներ շարունակ ծառայեցի օսմանցիներուն, բայց ոչ մեկ բարիք տեսա եւ վերջէն զղջացի։
Օսմանյան կառավարությունը ապերախտ կառավարություն մըն է, եղբայր, օսմանցիներու ընկերութենէն հեռու կաց, այլապես օսմանցիներու ասածները վերէն վար սուտ են, երբեք մի հավատաք։ Դուք սիպկան աշիրաթին պատկանելով մեր եզդի աշիրաթէն կհաշվիք, ահա թե ինչու կմեղքենամ ձեզ, եղբայրս։
Թե դուք եւ թե ձեր աշիրէթը եկեք եւ հանձնվեցեք Հայաստանի կառավարությանը, ասիկա կխնդրեմ ձեզմէ։ Հայաստանի կառավարութենէն ձեզ աստիճան հասնել կուտամ եւ մեզի հավասար կըլլաք։
Եթե խորհուրդներս չէք լսեր, թող յուրաքանչյուրն իր գտածէն օգտվի։
Ձեր առողջությունը կցանկանամ, գնդապետ Ջհանգիր»։

Be the first to comment on "Հայերու հետ ընկերակից ենք եւ ձեռք ձեռքի տված ենք. Ջհանգիր աղայի պատասխանը Սիպկան ցեղապետին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ